Ուկրաինան անցանկալի անձ է հայտարարել Հունգարիայի հյուպատոսին
Ուկրաինան անցանկալի անձ՝ persona non grata է հայտարարել Հունգարիայի հյուպատոսին և 72 ժամ ժամանակ տվել` երկրից հեռանալու համար:
Դիվանագիտական սկանդալը ծագել էր, երբ համացանցում տեսանյութ էր հրապարակվել, որտեղ երևում է՝ ինչպես է հյուպատոսը Հունգարիայի անձնագիր տրամադրում երկու երկրների սահմանին գտնվող ուկրաինական Բերեհովո գյուղի բնակիչներին, վերջիններս էլ հավատարմության երդում են տալիս և հայտարարում, որ Հունգարիան են ճանաչում որպես հայրենիք: Հյուպատոսության մեկ այլ աշխատակից էլ երդման արարողությունից հետո հորդորում է նոր անձնագիրը թաքցնել Ուկրաինայի իշխանություններից, քանի որ երկրի Սահմանադրությամբ երկքաղաքացիություն նախատեսված չէ:
Հունգարիայի արտգործնախարարը, իր հերթին, հայտարարել է, թե ի պատասխան՝ Բուդապեշտը կարտաքսի Ուկրաինայի հյուպատոսին և կարգելափակի Կիևի անդամակցությունը Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին:
Ուկրաինական Զակարպատյեի շրջանում շուրջ 200 հազար էթնիկ հունգարներ են ապրում: Ավելի վաղ՝ Մոսկվա կատարած այցի ժամանակ Հունգարիայի արտգործնախարարը մեղադրել էր Ուկրաինայի իշխանություններին նրանց իրավունքները հետևողականորեն ոտնահարելու համար: