Աշոտյանի պնդմամբ՝ վարչապետն իրենց փաստի առջեւ է կանգնեցրել
Եղել են երեկ առաջարկություններ վարչապետին, որ եթե ուզում եք հուշագիր ստորագրեք, ուրեմն ժամկետի համար էլ պետք է պայմանավորվել: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 3-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
«Երեկվա կոմպրոմիսային տարբերակն եղել է այն, որ առաջարկվել է վարչապետին, որ տեղափոխենք ընտրությունները մայիս, հասցնենք բարեփոխել ընտրական օրենսգիրքը, պատշաճ իրազեկենք միջազգային դիտորդներին, որ նրանք գան ընտրությունների, մնացած կուսակցությունները նույնպես պատրաստվեն ընտրությունների, հանդարտեցնենք իրավիճակը եւ գնանք ընտրությունների: Հուշագրի ստորագրումը միայն այս դեպքում կարող էր լինել: Վարչապետն ասաց, որ պատրաստ է ամեն ինչի, բացի դեկտեմբերից, ակնհայտ է, որ շատ սրամիտ ձեւակերպում է գտել սեփական քաղաքական, միահեծան դիրքորոշումն արտահայտելու համար: Նա բազմաթիվ կարծիքներ լսեց մոտ 3 ժամվա ընթացքում, պատասխանում էր հարցադրումներին, բայց այնուամենայնիվ իր բանաձեւը վերջնական իրազեկումն է, հետեւաբար այս բառի դեպքում մնացած բոլոր դետալները փլվում են»,-ասաց պատգամավորը:
Աշոտյանը պնդում է, որ երեկ ԱԺ-ում «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունումը հապճեպ չէր. «Եթե հիշում եք, այն պետք է քվեարկվեր դեռ ցերեկը, եւ երբ որ պարոն Բաբլոյանը հայտարարեց, որ տեխնիկական խնդիրներ կան քվեարկության, վարչապետը քննարկման մեջ է մտել մեր ֆրակցիայի ղեկավարի հետ, ԱԺ նախագահի հետ, նրանք վարչապետին ասել են, որ եթե ուզում եք քաղաքական գործընթացը, բանակցությունները շարունակենք, ապա այդ պահին կսառեցնենք քվեարկությունները:
Այսինքն այս օրինագիծը պետք է քվեարկվեր դեռեւս ցերեկը, բայց երբ որ վարչապետի հորդորով հետաձգվեց քվեարկությունը, վարչապետը պետք է գար այստեղ բանակցությունների ռաունդին, որքանով ես տեղյակ եմ, վարչապետը երբ որ մտել է մերոնց հետ բանակցությունների, ասել է, որ բանակցություններ չեն լինում, ես գնում եմ, իմ վրա հույս չդնեք, դեկտեմբերին ընտրություններ են: Այսինքն ստացվում է, որ հետաձգում ենք, որ վարչապետը գա ու խոսենք, բայց վարչապետը եկավ ու ասեց, որ չենք խոսելու եւ մեզ դրեց փաստի առաջ»:
Նշենք, որ ԱԺ-ն երեկ արտահերթ նիստում 67 կողմ ձայներով ընդունեց այդ օրինագիծը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչով քաղաքացիները հավաքվեցին ԱԺ շենքի մոտ եւ շրջափակեցին շենքը: Միայն ուշ երեկոյան Նիկոլ Փաշինյանի եւ խմբակցությունների քննարկումից հետո քաղաքացիները հեռացան: