Կեղծավորություն կամ երբ գերակայում են նեղ անձնական շահերը
Այն, որ ապրիլյան իրադարձություններից հետո Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անհրաժեշտություն կա, ընդունում են գրեթե բոլորը, այդ թվում եւ խորհրդարանում ներկայացված ուժերը:
Ամբողջ հարցն այդ ընտրությունների ժամկետների մեջ է: Ոմանք շտապում են, ոմանք՝ ոչ, առաջարկելով մինչ ընտրությունները կարգի բերել ընտրական օրենսգիրքը եւ Կուսակցությունների մասին օրենքը, ինչպես նաեւ կարգի բերել ընտրացուցակները, որոնք մինչ օրս չեն արտահայտում Հայաստանում առկա իրական բնակչության թիվը:
Շտապողներին, այդ թվում Նիկոլ Փաշինյանին կարելի է եւ հասկանալ, կարելի է եւ չհասկանալ: Նիկոլ Փաշինյանը ոգեւորվելով Երեւանի ավագանու ընտրություններում գրանցված արդյունքից, շտապում է նույն արդյունքն ամրագրել նաեւ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններում: Այս առումով նրան կարելի է հասկանալ:
Միաժամանակ նույն Նիկոլ Փաշինյանին դժվար է հասկանալ, քանի որ եթե նրա թիվ մեկ նպատակը Հայաստանի զարգացումն ու ժողովրդավարացումն է, ապա հենց ինքն առաջինը պետք է հասկանա, որ հուզական վիճակում գտնվող ժողովրդին առաջնորդելով նոր ընտրությունների ընդամենը ձեւավորելու ենք հերթական գերմեծամասնությամբ խորհրդարանը՝ դրանից բխող ծանրագույն խնդիրներով:
Մենք պետք է հասկանանք, որ ընդամենը չորս հինգ ամիս անց նոյեմբերին կամ դեկտեմբերին ձեւավորված խորհրդարանն այլեւս չի արտահայտելու հասարակական տրամադրությունները:
Հիմա Նիկոլ Փաշինյանին շտապեցնում եւ ոգեւորիչ հայտարարություններով դեպի հապշտապ խորհրդարանական ընտրություններ նետում նաեւ այն քաղաքական ուժերը, որոնք կարծում են, որ հրաշալի հնարավորություն ունեն Նիկոլ Փաշինյանի փեշից կախված սողոսկել խորհրդարան: Հեռնց այս ուժերն են այսօր իրենց աջակցությունը հայտնում փողոց դուրս եկած ժողովրդին, հայտարարելով, թե արտահերթ խորհրդարանական ընտրություններն անհրաժեշտություն են, կարծես մյուս ուժերը, որոնք ընդամենն առաջարկում են չշտապել եւ մի քանի հարց եւ խնդիր լուծելուց հետո գնալ ընտրությունների, դեմ են արտահերթին:
Հենց այս կեղծավոր ուժերն էլ կրակի վրա յուղ լցնելով, հետապնդելով նեղ անձնական շահեր, ավելի են սրում իրավիճակը: Նրանց համար կարեւորը ոչ թե պետության եւ ազգային շահն է, այլ նեղ անձնական եւ խմբակային հետաքրքրությունը, Ազգային ժողով խցկվելու հեռանկարը:
Ոմանք էլ ավելի են սրում իրավիճակը, Նիկոլ Փաշինյանին կոչ անելով գնալ կոշտ քայլերի, իսկ թե դրանից հետո ինչ կկատարվի երկրի հետ, նրանց շատ քիչ է հետաքրքրում, վերջին հաշվով շատ հանգիստ կարող են հայտնվել Լիբանանում, ԱՄՆ-ում կամ Նորվեգիայում:
Այսօր ժողովրդին համոզում են, որ թռիչքային տնտեսական աճ, ներդրումներ, նոր աշխատատեղեր չկան հակահեղափոխականների պատճառով, եւ որ արտահերթ ընտրություններ չեն անցկացվել:
Իրականում այս ամենի բացակայության պատճառը շատ պարզ է՝ Նիկոլ Փաշինյանն իր լավ եւ վեհ նպատակներն իրականացնելու համար պարզապես որակյալ, անգամ միջին մակարդակի թիմ չունի: Եւ հիմա այս իրավիճակում խորհրդարանը լցնել միջակություններով եւ պետությունից եւ խորհրդարանից, ազգային եւ պետական շահից ոչինչ չհասկացողներով, առնվազն ոչ խոհեմ քայլ կլինի:
Ամայացած քաղաքական դաշտի պայմաններում, երբ որեւէ կուսակցություն այսօր ոչ միայն կայացած չէ, այլ որեւէ հեղինակություն չունի, երբ երկրում իշխում է ատելության մթնոլորտը, հակահեղափոխականներ եւ ազգի դավաճաններ փնտրելու մթնոլորտը, երբ մի անձը կարող է մի հայտարարությամբ փողոցում 60 հազար մարդ հավաքել, արտահերթ ընտրությունների անցկացումը նչի բխում ոչ ազգի, եւ ոչ էլ պետության շահերից:
Հիմա ամեն ինչ շատ պարզ է, եթե ընտրությունները կայանան դեկտեմբերին, ապա կունենանք առանց հակակշիռների իշխանություն եւ սուպերմեծամասնությամբ խորհրդարան, որն արդեն մի քանի ամիս հետո չի արտահայտելու հանրության տրամադրությունները, իսկ եթե ընտրությունները կայանան մայիսին, ապա կունենանք խորհրդարան, որը բավական երկար ժամանակ կարտահայտի հասարակական եւ քաղաքական ուժերի տրամադրությունները:
Հակոբ Ասատրյան
Top-News.am