Փաշինյանը՝ բանակցությունների մասին
Ազգային ժողովում ավարտվեցին Փաշինյան-խորհրդարանական ուժեր բանակցությունները։
Խորհրդարանից դուրս գալուց հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովի բակում իրեն սպասող ցուցարարներին ներկայացրեց բանակցությունների կաղապարը:
Բայց մինչ այդ Փաշինյանն ասաց, որ սա բոլորովին ուրիշ ու նոր փուլ է, և ինքը խնդրում է վանկարկումների, գրառումների, մեկնաբանությունների ու արտահայտությունների մեջ որևէ մեկի, որևէ քաղաքական գործչի հասցեին, լինի ՀՀԿ-ից, թե այլ կուսակցությունից, անձնական վիրավորանք պարունակող որևէ արտահայտություն չանեն. «Եթե այս հարցով մեր միջև պառակտում է լինելու՝ ուրեմն լավ չեն լինելու մեր գործերը»:
«Ես նախ գնացի «Ելք» խմբակցության սենյակ, որտեղ միայն Արամ Սարգսյանն էր, հետո իմացա, որ պատգամավորները հավաքված են ԱԺ նախագահի աշխատասենյակում, ես բարձրացա այնտեղ իմ ընկերների հետ:
Մենք ասացինք, որ երկրում հաստատված է քաղաքական ճգնաժամ, և այդ քաղաքական ճգնաժամը մենք պետք է հաղթահարենք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
ՀՀ վարչապետն ասաց, որ ՀՀԿ, «Ծառուկյան դաշինք», ՀՅԴ խմբակցությունների ներկայացուցիչները նույնպես ասել են, որ կարծում են, որ այս ճգնաժամը պետք է հաղթահարեն այնպես, որ երկիրն ընդհանուր առմամբ շահած դուրս գա այս ամեն ինչից:
Վարչապետը տեղեկացրեց, որ խոսել են խնդրի լուծման հնարավոր տարբերակների մասին, և որպես տարբերակ ինքը նշել է, որ առաջիկա օրերին ինքը հրաժարական կտա վարչապետի պաշտոնից, և ակնկալում է, որ ՀՀԿ-ն ու խորհրդարանը չեն գրգռի մարդկանց՝ թեկնածու առաջադրելով:
Վարչապետն ասաց, որ «Ելքը», պարզ է, չի առաջադրի թեկնածու, իսկ մյուսները տեսականորեն կարող են առաջադրել և ընտրել վարչապետ, բայց դա հանրության մոտ ռեակցիա է առաջացնելու:
«Ես ասացի՝ պետք է գիտակցել, որ դա խելամիտ սցենար չէ, իմ կարծիքով, այսօրվա իրավիճակն է ցույց տալիս, որ դա մարդկանց մոտ կառաջացնի վատ արձագանք: Ես կարծում եմ, որ մենք պետք է ստորագրենք փաստաթուղթ, որ էսինչ օրը ես հրաժարական կտամ, որից հետո խմբակցությունները վարչապետի թեկնածու չեն առաջադրի, երկու անգամ վարչապետ չի ընտրվի, ինչի արդյունքում մենք դեկտեմբերին կունենանք ԱԺ արտահերթ ընտրություններ: Խորհրդարանական ուժերի ներկայացուցիչները, կարծես թե, ասացին, որ ըստ էության, ընկալում են ժողովրդի ուղերձը և հարգանքով են վերաբերվում ժողովրդի ուղերձին: Նրանք բանավոր ասացին, որ անկախ հուշագրից՝ իրենք չեն պատրաստվում ո՛չ առաջին, ո՛չ էլ երկրորդ փուլում առաջադրել վարչապետի թեկնածու»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետն ասաց, որ առավել մանրամասն իրենց դիրքորոշումները կներկայացնեն խորհրդարանական ուժերը, ինքը փոխանցում է ընդհանուր խոսակցությունը ու տպավորությունները: