2019 թ-ի բյուջեով նախատեսված հատկացումներով ՊՆ-ը ձեռք կբերի հարձակվողական, գերճշգրիտ, հեռահար միջոցներ. Ա. Հովհաննիսյան (տեսանյութ)
2019 թ-ի պետական բյուջեի նախագծի համաձայն՝ գալիք տարի Պաշտպանության նախարարությանը հատկացվելու է 256,4 միլիարդ դրամ՝ այսինքն՝ 528,7 միլիոն դոլար: 2018 թ-ի բյուջեի համեմատ աճը կազմում է 13,6%:
Tert.am-ի հետ զրույցում պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ մարտահրավերներից, անհարժեշտությունից ելնելով՝ երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունը որոշում է կայացրել ավելացնել ֆինանսավորումը, ինչը նշանակում է, որ ունենալու ենք անվտանգության միջոցառումների առավել բարելաված ցուցանիշներ` բոլոր ուղղություններով:
«Ֆինանսավորումը կուղղվի գրեթե բոլոր ուղղություններին, բայց առաջնահերթությունը կլինի զենք-զինամթերքի նոր նմուշների ձեռքբերումը: Մենք բազմիցս հայտարարել ենք, որ մեր սպառազինության թարմացումը, նորացումը, ձեռքբերումը ոչ միայն վարկային միջոցներով են կատարվում, այլ նաև մեր բյուջետային միջոցներով, և դա առաջին տարին չէ:
Ուղղակի չգիտես՝ ինչի ֆիքսվում ենք զուտ վարկային ծրագրի վրա, գուցե քաղաքական առումով դա հետաքրքիր է, այնպես որ, ոչ մի արտառոց բան չեմ տեսնում, կատակով ասեմ՝ զինվորականները միշտ ավելի շատ գումար են ուզում ավելի շատ զենք առնելու համար»,-մանրամասնեց Արծրուն Հովհաննիսյանը:
Հարցին, թե կոնկրետ ինչ նոր սպառազինություն ենք նախատեսում գնել, կան տեսակներ, որոնց մասին կարող է հայտնել, Արծրուն Հովհաննիսյանը պատասխանեց. «Որևէ բան չեմ կարող ասել, եթե մենք անհրաժեշտություն գտնենք, նոր ձեռք բերվող զինատեսակների մասին հրապարակենք կամ թեկուզ և ոչ նոր նմուշի, հին նմուշի խմբաքանակներ կհայտարարենք: Չեմ կարծում, որ դա է այն ոլորտն է, որ պետք է պարտադիր հայտարարվի»,-շեշտեց նա:
Արծրուն Հովհաննիսյանը միայն շեշտեց, որ վերջին տարիներին աշխատում են ձեռք բերել հատկապես ժամանակակից զինատեսակներ: Դիտարկմանը, թե խոսքը ՀՕՊ ավիացիոն միջոցների մասին է, քանի որ նախարարը խոսել է ոլորտի զարգացման մասին, նախարարի մամուլի խոսնակն արձագանքեց.
«Բոլոր ուղղություններով, եկեք չասեմ ՀՕՊ, հակատանկային, թե ավիացիա, ինչպես բազմիցս հայտարարել է երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունը, առանձին բազմիցս նշել է նախարարը, վարչապետը, մեր համար կան առաջնահերթություններ, և մենք կարող ենք շատ դեպքերում փոխել ուղղությունը զուտ պաշտպանական հայեցակարգից, զինատեսակներից անցում կատարելով հարձակվողական միջոցների, գերճշգրիտ, հեռահար միջոցների»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է մեկ այդ դիտարկման, թե մյուս կողմից Դուշանբեում կայացած Փաշինյան-Ալիև հանդիպումից հետո խոսում ենք հրադադարի ռեժիմի նվազեցման մասին, լավատեսական գնահատականներ են հնչում, բայց կան նաև մտահոգություններ, որ չնայած գնահատականներին ՀՀ ՊՆ -ն պատրաստվում է պատերազմի՝ հաշվի առնելով հակառակորդի ոչ վստահելի լինելը, Արծրուն Հովհաննիսյանը շեշտեց, որ երբ ԶՈւ-ին հարցնում են՝ պատերազմի եք պատրաստվում, նրանք այլ բան չեն պատասխանում, քանի որ ԶՈւ-ն միշտ պատերազմի է պատրաստվում:
«Գուցե գերատեսչությունների համար հնչում է այլ կերպ, բայց մեզ համար՝ ոչ, ամեն օր, ամեն վայրկյան պատերազմի ենք պատրաստվում: Լուրջ ենք գնահատում հակառակորդի սպառազինությունը, պատրաստությունը, տրամադրվածությունը, պատերազմը վերսկսելու հայտարարությունները և քայլերն այդ ուղղությամբ:
Անկախ հնչող տեսակետներից գերատեսչությունը միշտ պիտի պատրաստ լինի պատերազմի: ԶՈւ-ում քաղաքական հայտարարություններին այդքան չեն հետևում, իրենց համար այդքան հետաքրքիր չէ՝ միգուցե դրանից որոշում են հրամաններ, ծրագրեր, դոկտրիններ, իրենք առաջնահերթ հետևում են առաջնագծում տեղի ունեցող իրադարձություններին և հնարավորության դեպքում դրանից խորք»: