Հայտնի են դարձել ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակակիրների անունները
Ստոկհոլմում հայտարարվել են 2018թ. ֆիզիկայի ոլորտում հեղինակավոր Նոբելյան մրցանակակիրների անունները:
Ինչպես նշում է The Guardian-ը, Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիան մրցանակի է արժանացրել գիտնականներ Արթուր Օուշկինին, Ժերար Մուրուին և Դոննա Սթրիքլանդին՝ լազերային ֆիզիկայի ոլորտում նշանակալի հայտնագործությունների համար: Դոննա Սթրիքլանդը պատմության մեջ երրորդ կինն է, որ ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակի է արժանացել:
Հիշեցնենք, որ նախօրեին 2018թ. ֆիզիոլոգիայի և բժշկության ոլորտում մրցանակի են արժանացել գիտնականներ Ջեյմս Էլիսոնն ու Տասուկու Հոնձյոն՝ քաղցկեղի թերապիայի բնագավառում արած բացահայտումների համար: Այդ մասին հայտնել է Ստոկհոլմի Կարոլինյան ինստիտուտին կից Բժշկության նոբելյան հանձնաժողովը: Նրանք մշակել են քաղցկեղի իմունաթերապիայի նոր մեթոդ:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին Ստոկհոլմում ու Օսլոյում սկսվել է «Նոբելյան շաբաթը»:
Հոկտեմբերի 3-ին հայտնի կդառնա քիմիայի ոլորտում հաղթողը, իսկ հոկտեմբերի 5-ին Օսլոյում կհայտնեն խաղաղության նոբելյան մրցանակակրի անունը: Տնտեսագիտության ոլորտում հաղթողը հայտնի կդառնա հոկտեմբերի 8-ին:
Գրականության ոլորտում մրցանակ այս տարի չի տրվի. դրա հանձնմամբ զբաղվում է Շվեդիայի ակադեմիան, որը հայտնվել է սեռական սկանդալի կենտրոնում:
2018 թվականի խաղաղության նոբելյան մրցանակի թեկնածուների թվում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը: Նշվում է, որ Թրամփն այս ցանկում է հայտնվել ամռանը Սինգապուրում Հյուսիսային Կորեայի առաջնորդի հետ պատմական հանդիպման համար: Հաղթողը կստանա 1,4 մլն դոլար, որը կհանձնվի դեկտեմբերի 10-ին կայանալիք հանդիսավոր արարողության ժամանակ: Հիշեցնենք, որ 2009 թվականին մրցանակը հանձնվել էր ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային: