Վրաստանի նախկին վարչապետին բանտից տեղափոխել են հիվանդանոց
Վրաստանում պատիժը բանտում կրող նախկին վարչապետ և նախկին ներքին գործերի նախարար Վանո Մերաբիշվիլին առողջական վիճակի վատթարացման կապակցությամբ բանտից փոխադրվել է քաղաքացիական հիվանդանոց:
Մերաբիշվիլին 2016 թվականին 6 և կես տարվա ազատազրկման է դատապարտվել խորհրդարանի պատգամավոր Վալերի Գելաշվիլիին ծեծի ենթարկելու հրահանգ տալու մեղադրանքով:
Վերջին երկու ամիսների ընթացքում Մերաբիշվիլին առողջական խնդիրների բերումով պարբերաբար տեղափոխվում է տարբեր հիվանդանոցներ: Վրաստանի իշխանությունը նրա հիվանդության բնույթի մասին տեղեկություններ չի հայտնում:
Մերաբիշվիլին Գեշաշվիլիին ծեծելու հրահանգ է տվել Վրաստանի ներքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցնելու օրոք՝ 2005 թվականին:
Նա հերքում է մեղադրանքը և պնդում է, որ դրա հիմքում բացառապես քաղաքական դրդապատճառներ են:
Մերաբիշվիլին համարվում է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի մտերիմ քաղաքական զինակիցը:
Ներկայումս Նիդերլանդներում բնակվող Սաակաշվիլին Գելաշվիլիի գործով հեռակա կարգով դատապարտվել է 6 տարվա ազատազրկման, նրան մեղադրել են պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար: