Մասկն ու Ցուկերբերգը մեկ օրում, ընդհանուր առմամբ, 3.5 միլիարդ դոլար են կորցրել
Սիլիկոնային հովտի երկու միլիարդատիրոջ՝ Մարկ Ցուկերբերգի և Իլոն Մասկի կարողությունը մեկ օրում կտրուկ նվազել է, գրում է Bloomberg-ը:
Նշվում է, որ Tesla-ի հիմնադիր և ղեկավար Իլոն Մասկը սեպտեմբերի 28-ին կորցրել է շուրջ 1.5 միլիարդ դոլար այն բանից հետո, ինչ հայտնի է դարձել, որ ԱՄՆ-ի Արժեթղթերի և բորսաների հանձնաժողովը դատի է տվել նրան՝ մեղադրելով ընկերության բոլոր բաժնետոմսերը գնելու համար բավարար գումար ունենալու մասին հայտարարությամբ մյուս բաժնետերերին մոլորեցնելու համար:
Նույն ժամանակահատվածում զգալի կորուստ է կրել նաև Facebook ցոցցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը: Նա մեկ օրվա ընթացքում կորցրել է շուրջ 2 միլիարդ դոլար, ինչը տեղի է ունեցել Facebook ընկերության տարածած հայտարարությունից հետո, որում ասվում էր, որ անհայտ հաքերներն օգտվել են սոցիալական ցանցի կոդի խոցելիությունից և կարող էին հասանելիություն ստանալ շուրջ 50 մլն օգտատիրոջ էջերին:
Ընդհանուր առմամբ՝ մեկ օրում միլիարդատերերի կարողությունը նվազել է շուրջ 3.5 միլիարդ դոլարով: