Թուրքիան Ադրբեջանի և ԱՄՆ-ի հետ համատեղ զորավարժություններ կանցկացնի
Թուրքիան սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 7-ն ընկած ժամանակաշրջանում հակասուզանավային ուսումնավարժանքներ կիրականացնի Միջերկրական ծովի արևելյան շրջանում:
Ինչպես հաղորդում է РИА Новости-ն՝ վկայակոչելով թուրքական գլխավոր հրամանատարության հաղորդագրությունը, ուսումնավարժանքին կմասնակցեն ԱՄՆ-ը, Ադրբեջանը, Բահրեյնը, Ալժիրը, Քաթարը, Քուվեյթը, Պակիստանը, Ռումինիան, Սաուդյան Արաբիան:
«Սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 7-ը կիրականացվեն Թուրքիայի կողմից կազմակերպված Mavi Balina-2018 ռազմածովային ուսումնավարժանքները, որոնց ՆԱՏՕ-ի հետ միասին կմասնակցեն մի շարք երկրների ռազմածովային և ռազմաօդային ուժերը: Զորավարժանքների նպատակն է հականավային պաշտպանության համար գործնական քայլերի ուսուցումը: Զորավարժություններին կմասնակցի 4 թուրքական ռազմանավ, 5 սուզանավ, տեխնիկական աջակցության նավ, 3 ինքնաթիռ և 6 ուղղաթիռ», - ասվում է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ ՆԱՏՕ-ի զորավարժություններ էին անցկացվել Բաքվում: