Զ. Մնացականյանը կհանդիպի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ սեպտեմբերի 26-ին Նյու Յորքում տեղի է ունենալու Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից:
Նյու Յորքում ընթանում է ՄԱԿ-ի գագաթաժողովը:
Հիշեցնենք, որ հուլիսի 11-ին Բրյուսելում հանդիպում էր տեղի ունեցել ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի միջև:
Սա երկու երկրների արտգործնախարարների միջև առաջին հանդիպումն էր` Հայաստանում ժողովրդավարական շարժման արդյունքում տեղի ունեցած իշխանափոխությունից և նոր կառավարության ձևավորումից հետո: