Երեւանը փորձադաշտ չէ, որ չափենք մեր ուժերը միմյանց մեղադրանք հնչեցնելով. «Երկիր ծիրանի»
Երեւանը փորձադաշտ չէ, որ չափենք մեր ուժերը միմյանց մեղադրանք հնչեցնելու տեսանկյունից: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 23-ին, Երեւանի ավագանու ընտրություններում քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում նշեց «Երկիր ծիրանիի» քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը:
Նա արդեն ավարտված քարոզարշավին անդրադառնալով ասաց. «Այն կարելի է ասել եւ արդյունավետ էր, եւ ոչ արդյունավետ, որովհետեւ մենք կարող էինք ներկայացնել մեր պատկերացումները, թե ինչպես ենք Երեւանն այս անմխիթար վիճակից դուրս բերելու վերաբերյալ: Մինչդեռ միմյանց նկատմամբ մեղադրանքներ հնչեցին եւ բավականին զգալի մասը դրան տրամադրվեց: Մենք խնդիր ունենք եւ ազգային միասնության, եւ ազգային բոլոր ուժերի կոնսոլիդացիայի, որ դուրս գանք այս վիճակից: Հետեւաբար, բոլորս պետք է լծվենք, որ Երեւանը դուրս բերենք այս վիճակից: Ընդհանուր առմամբ մեր ազգային իղձերը ի կատար ածենք»:
Հիշեցնենք, որ այսօր՝ սեպտեմբերի 23-ին, ընթանում են Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունները, որոնք կտեւեն մինչեւ երեկոյան 20.00-ն: Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցում է 12 քաղաքական կուսակցություն ու դաշինք:
Նշենք, որ Երեւանի ավագանու անդամների թիվը 65 է: Քաղաքական ուժերի ցուցակները գլխավորողները համարվում են քաղաքապետի թեկնածուներ:
Լուրեր Հայաստանից - NEWS.am