Զարմանալի է, որ բարձրաստիճան քաղաքական պաշտոնյաները նման բիրտ լեզու են օգտագործում. գերմանացի մասնագետը՝ Երևանում քարոզարշավի մասին
Այս թեմայով
- Երևանի ավագանու ընտրությունները մի կողմից ունիկալ էին, մյուս կողմից՝ տխուր
- Քվեարթերթիկի վրա նկարված սրտիկներ, քաղաքապետի՝ ավելացված նախընտրած թեկնածուներ. անվավեր ճանաչված քվեաթերթիկներ (Լուսանկարներ)
- ԿԸՀ-ն հրապարակել է Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների նախնական արդյունքները
- Քվեարկած թերթիկը լուսանկարելն ու տարածելը տուգանվում է 500․000-700․000 դրամի չափով
Հայաստանում «թավշյա հեղափոխության» հաջողության գրավականներից էր ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճարտասանական հմտությունների կիրառումը: Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց գերմանացի հայտնի ճառագիր, հանրային կապերի և հաղորդակցության մասնագետ, Գերմանիայի Սաքսոնիա նահանգի Ներքին գործերի Ռազմավարական PR-ի պատասխանատու Վազրիկ Բազիլը:
«Աներկբա դա դեր խաղաց, բայց չեմ կարող ասել, որ դա միակ պատճառն էր»,- ասաց նա:
Խոսելով Երևանի ավագանու ընտրություններին քաղաքապետերի թեկնածուների ելույթների, հայտարարությունների մասին՝ նա նկատեց․«Շատ քիչ եմ հետևել, բայց երկու տպավորություն եմ ստացել՝ լեզուն բիրտ է հաճախ: Զարմանալի է, որ բարձրաստիճան քաղաքական մարդիկ նման լեզվով են խոսում․․․ Մարդկանց ուղղված մեղադրանքները կան՝ իբրև գող, զավթիչ և այլն: Բարձրաստիճան քաղաքական գործիչները պետք է սպասեն դատարանի վճռին՝ պարզելու՝ այս արարքը գողությու՞ն է, թե՞ ուրիշ օրենքի խախտում:
Բայց դատարանին կանխելը՝ նման որակումներ անելով, կարծում եմ, սխալ է»,- ասաց նա:
Պատասխանելով հարցին, թե որքանով է ճիշտ, որ երկրի վարչապետը ներգրավվում է տեղական ընտրությունների քարոզարշավին, գերմանացի հաղորդակցության մասնագետը նշեց․ «Կառավարական ուժերը կարող են մասնակցել տեղական ընտրություններին, եթե այնտեղ մասնակցում են իրենց կուսակիցները: Գերմանիայում էլ է այդպես լինում․եթե նախագահը կամ վարչապետն ունի դրական իմիջ, նրանք, որոնք ավելի թույլ են, փորձում են օգտվել այդ դրական իմիջից և քաղաքի խնդիրների մասին խոսելու փոխարեն, քաղաքական հարցերի, հանրապետական հարցերի են անդրադառնում, որովհետև գիտեն՝ այդտեղ իրենք առավելություն ունեն»,- ասաց նա:
Թե ինչ հետևանքներ կարող է ունենալ քարոզարշավում նկատվող «բիրտ» հռետորաբանությունը հարցին, Վազրիկ Բասիլը պատասխանեց․ «Հասարակությանը լեզուն կարող է բիրտ դառնալ: Եթե բարձր պաշտոններ զբաղեցնողները, պատասխանատու անձերն են նման բառապաշարով խոսում միմյանց մասին, նման բառեր են գործածում, քաղաքացին էլ կարող է ասել՝ ես էլ կարող եմ նման կերպ խոսել, նման բառերով խոսել, և խոսքը միաժամանակ արարմունք է»,- ասաց նա:
Այս օրերին ընթացող քարոզարշավի դրական կողմերը, ըստ հայտնի ճառագրի, այն է, որ երկխոսություն կա։ «Դա անհրաժեշտ է, ժողովրդի հետ պետք է խոսել»,- ասաց նա:
Դիտարկմանը, թե ընտրապայքարին մասնակցող քաղաքական ուժերի միջև բանավեճ չի լինում, որքանո՞վ է բանավեճի առկայությունը կարևոր ընտրապայքարում, նա պատասխանեց․
«Դա շատ կարևոր բան է: Հրաժարվելը լավ բան չէ, բայց կարող է հիմնավոր պատճառ ունենա դրա համար: Չպետք է ստեղծել տպավորություն, որ նա չի ցանկանում խոսել այլ ուժերի հետ: Դա դրական ազդեցություն չի ունենա իր վարկանիշի վրա: Բանավեճը շատ կարևոր է ընտրությունների համար, իսկ թե հետո կկատարվեն խոստումները, թե՝ ոչ, այլ բան է»,- ասաց նա: