«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը դատապարտել է Yerevan.Today խմբագրությունում խուզարկությունը
«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է Yerevan.Today կայքի խմբագրությունում ոստիկանության իրականացրած խուզարկությունը: Կազմակերպությունում ընդգծել են, որ իրավապահների գործողությունները խախտում են լրագրողական աղբյուրների գաղտնիությունը:
«Yerevan.Today-ի տարածքներում խուզարկություն իրականացնելը եւ սարքավորումների առգրավումը լրագրողական աղբյուրների պաշտպանության սկզբունքի կոպիտ խախտում է, որը երաշխավորված է Հայաստանի օրենսդրությամբ եւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից: Ցավում ենք, որ ոստիկանությունն առավել համաչափ եղանակ չի գտել իրենց օրինական նպատակին հասնելու համար»,- շեշտել է «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի բաժնի ղեկավար Յոհան Բիհրը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 17-ին Քննչական կոմիտեն եւ Ոստիկանության 6-րդ վարչությունը համատեղ խուզարկություններ են կատարել Yerevan today կայքի խմբագրությունում։ Բռնագրավվել են մեկ պրոցեսոր եւ մի քանի կոշտ սկավառակներ: Իրավապահները փորձել են գտնել ապացույցներ, որ կայքն առաջինն է հրապարակել հայտնի գաղտնալսումները։
ԱԱԾ եւ ՀՔԾ ղեկավարների հեռախոսազրույցի գաղտնալսումների հետ կապված հարուցված է երկու քրեական գործ։