Իսրայելցի ընդդիմադիրը պահանջում է սեքսուալ սկանդալի պատճառով Նեթանյահուի խորհրդականին հեռացնել
Իսրայելցի ընդդիմադիր պատգամավորը կոչ է անում Իսրայելի վարչապետին դադարեցնել իր՝ արտասահմանյան մամուլի հետ կապերի հարցերով խորհրդական Դեւիդ Կիզի գործունեությունը՝ սեքսուալ բնույթի մեղադրանքների ֆոնին, հայտնում է AP-ն:
Աղբյուրը հայտնում է, որ մի քանի կին արդեն հանդես են եկել Կիզին ուղղված մեղադրանքներով՝ այն պահից սկսած, երբ նա զբաղցերել է իր ներկայիս պաշտոնը
Կիզն ինքը պնդում է. «Սա հանրությանը մոլորության մատնելու փորձ է, քանի որ այդ մեղադրանքները սուտ են»:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այս դեպքը դեռեւս չի մեկնաբանել:
Ընդդիմադիր «Մերեց» կուսակցության պատգամավոր Միխալ Ռոզինը նշել է, որ Նեթանյահուի լռությունը կարելի է մեկնաբանել որպես նման գործողությունների նկատմամբ ներողամտություն՝ պահանջելով իր ենթակայի սեռական ոտնձգությունների վերաբերյալ հստակ դիրքորոշում արտահայտել:
Գործակալությունը նշում է, որ սա սեքսուալ բնույթի առաջին սկանդալը չէ, որ նկատվել է երկրի վարչապետի շրջապատում:
Վարչապետի նախկին օգնական Նատան Էշելը 2012 թվականին ստիպված էր հրաժարական ներկայացնել, երբ պնդումներ հայտնվեցին, որ նա մի կնոջ հետապնդել ու վախեցրել է վարչապետի աշխատասենյակում:
Այս տարի Նեթանյահուի որդին՝ Յաիրը, քննադատության կրակի տակ էր հայտնվել, երբ տեսանկարահանում էր երեւան եկել, թե հարկատուների հաշվին ինչպես է ժամանակ անցկացնում Թել Ավիվի մերկապարի ակումբում: