Այնպես, ինչպես բոլշեւիկյան ժամանակներում. ոսկյա զարդերը նվիրեք հիմնադրամին
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, օլիգարխների կանանց կոչ է արել իրենց զարդերի մի մասը նվիրաբերել հիմնադրամին, որը բացում է ապրիլյան պատերազմում զոհված Արմենակ Ուրֆանյանի մայրը՝ Համեստ Ներսիսյանը: Հիմնադրամը, ինչպես նշել է Համեստ Ներսիսյանը, կաշխատի տարբեր ուղղություններով՝ աջակցելով զոհված զինվորների ընտանիքներին:
«Ուզում եմ դիմել գործող եւ նախկին պաշտոնյաների, օլիգարխների կանանց. եթե դուք անգամ մի փոքր կասկածում եք, որ ձեզ զարդերը եւ հարստությունները ձեռք են բերվել ազնիվ ճանապարհով, կոչ եմ անում ձեզ դրանք նվիրաբերել տիկին Համեստի հիմնադրամին: Այդպես դուք կարող եք ավելի հանգիստ լինել՝ գիշերը ձեր գլուխը բարձին դնելով», - Ադրբեջանի հետ սահմանին վերջին տարիներին զոհված զինվորների մայրերի հետ հանդիպմանն ասաց վարչապետի կինը:
Աննա Հակոբյանը նշեց, որ «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնության մասին նա առաջին անգամ խոսել է Մոսկվա այցի ժամանակ, հետո Փարիզում: Խաղաղության նրա կոչերը ոչ միանշանակ ընդունվեցին. շատերը նրան հարցնում էին, թե ինչպես են այդ նախաձեռնությանը վերաբերում ապրիլյան պատերազմի կամ այլ ռազմական գործողությունների ժամանակ մահացած զինվորների մայրերը: Սակայն մայրերի հետ հանդիպումը ցույց տվեց, որ նրանք բոլորը ցանկանում են նույնը, ինչ ինքը՝ խաղաղություն եւ հանգստություն երկրում:
Աննա Հակոբյանը եւ զոհված զինվորների մայրերը հույս են հայտնել, որ ադրբեջանցի մայրերը նույնպես սատարում են իրենց դիրքորոշմանը, քանի որ երեխաների հանդեպ սերը զգացմունք է, որը չի ճանաչում ոչ ազգության, ոչ քաղաքացիության, ոչ էլ մաշկի գույն:
«Մի օր մեր խոսքերը կհասնեն նաեւ տղամարդկանց, որոնք կրակելու եւ պատերազմ սկսելու հրամաններ են տալիս», - ասաց Աննա Հակոբյանը:
Սակայն խաղաղության կոչերը պետք չէ թուլության դրսեւորում համարել, ասել է վարչապետի կինը. իհարկե ոչ ոք պատերազմ չի ուզում, սակայն երկիրը պաշտպանելու անհրաժեշտության դեպքում կլինի ոչ միայն իր որդին, այլեւ ինքն անձամբ պատրաստ է ձեռքը զենք վերցնել:
Լուրեր Հայաստանից - NEWS.am