Արտակարգ դեպք Երեւանում. Ավանի ֆինանսատնտեսագիտական քոլեջի 12 ուսանողներ տեղափոխվել են հիվանդանոցներ
Երեւանում, սեպտեմբերի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 13։00-ի սահմաններում «Մուրացան» բժշկական կենտրոն են տեղափոխվել մի խումբ երեխաներ, որոնք բժիշկներին հայտնել են, որ իրենց ինքնազգացողությունը վատացել է։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, ոստիկանները պարզել են, որ երեխաները հիվանդանոց են տեղափոխվել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Ավանի ֆինանսատնտեսագիտական քոլեջից եւ նրանք թունավորվել են քոլեջի տարածքում գործող թանի արտադրամասի մասնաշենքի բակում տեղադրված գազի բալոնի արտահոսքից առաջացած շմոլ գազի հետեւանքով։
Աղբյուրի տեղեկություններով՝ հիվանդանոց են տեղափոխվել քոլեջի ուսանողներ՝ 16-ամյա Մարիա Մ.-ն, 16-ամյա Լիդիա Ա.-ն, 17-ամյա Էլյա Ս.-ն, 16-ամյա Թամարա Մ.-ն, 18-ամյա Ալբերտ Ս.-ն, 16-ամյա Մարտին Պ.-ն, 16-ամյա Լուսինե Հ.-ն, 16-ամյա Սյուզաննա Ն.-ն, 17-ամյա Մերի Բ.-ն։
«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է տեղափոխվել 17-ամյա Լուսինե Հ.-ն, «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել 17-ամյա Աննա Ա.-ն, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել 18-ամյա Միլենա Ս.-ն։
Փաստի առթիվ ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Աղբյուրի տեղեկություններով՝ երեխաներին առաջինը օգնություն է ցուցաբերել քոլեջի տնօրեն ՝ 41-ամյա Նազելի Նավասարդյանը։