Սկրիպալների թունավորման համար կասկածվող ռուսները հարցազրույց են տվել Մարգարիտա Սիմոնյանին և պատմել Սոլսբերի ճանապարհորդության մասին
Այս թեմայով
- Սկրիպալներին «թունավորողին» նկատել են ՌԴ գլխավոր հետախուզական վարչության գեներալի դստեր հարսանիքին (լուսանկար)
- Սերգեյ Սկրիպալը թունավորման դեպքից հետո առաջին անգամ զանգահարել է հարազատներին
- Սկրիպալների գործով ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է պատրաստում Ռուսաստանի դեմ
- Վիկտորյա Սկրիպալը պատմել է «տառապանքների տարվա» մասին
Ռուսաստանի քաղաքացիներ Ալեքսանդր Պետրովը և Ռուսլան Բոշիրովը, որոնք, ինչպես պնդում են Մեծ Բրիտանիայի իշխանությունները, ներգրավված են Սոլսբերի քաղաքում ռուսական հետախուզական ծառայության նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման գործում, հայտարարել են, որ իսկապես այցելել են անգլիական այդ քաղաք այս տարվա մարտին:
Նրանք հարցազրույց են տվել RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանին:
Տղամարդիկ պնդում են, որ մեկնել են Սոլսբերի, որտեղ ապրել է Սկրիպալը, իրենց ընկերների խորհրդով և որպես զբոսաշրջիկ:
Նրանց խոսքերով՝ նրանք քաղաք են ժամանել մարտի 3-ին և պարզապես զբոսնել են մոտ մեկ ժամ: Մեծ Բրիտանիա իրենց այցի հիմնական նպատակ են նշել Լոնդոնում ժամանակ անցկացնելու ցանկությունը:
Բացի այդ, նրանք հայտարարել են, որ իսկապես այն մարդիկ են, որոնք ներգրավված են բրիտանական իշխանությունների հրապարակած նյութերում։
Խոսելով իրենց գործունեության մասին՝ տղամարդիկ իրենց անվանել են «միջին ձեռնարկատերեր», որոնք զբաղված են ֆիթնես արդյունաբերությունում:
Պետրովը և Բոշիրովը հերքել են պնդումները, թե նրանք աշխատում են ռուսական ռազմական հետախուզության համար:
Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը սեպտեմբերի 5-ին հանդես էր եկել հայտարարությամբ՝ գաղտնազերծելով ռուսական հետախուզական ծառայության նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալի ու նրա դստեր՝ Յուլյայի թունավորման սկանդալային գործով երկու կասկածյալների անունները: Խոսքն Ալեքսանդր Պետրովի ու Ռուսլան Բոշիրովի մասին է, որոնք Սկրիպալների դեմ հարձակումից մի քանի օր առաջ «Աէրոֆլոտ»-ի չվերթներից մեկով Մեծ Բրիտանիա էին մեկնել:
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանի քաղաքացիներ Ալեքսանդր Պետրովը և Ռուսլան Բոշիրովը սովորական քաղաքացիական անձինք են և նրանց խորհուրդ է տվել շփվել ԶԼՄ-ների հետ և պատմել տեղի ունեցածի մասին։
«Մենք գիտենք՝ նրանք ովքեր են, մենք գտել ենք նրանց: Հուսով եմ՝ նրանք շուտով կհայտնվեն և ինքնուրույն կպատմեն ամեն ինչ, նրանք քաղաքացիական անձինք են: Ոչ մի հատուկ և քրեական բան այնտեղ չկա, վստահեցնում եմ ձեզ»,- ասել էր Պուտինն Արևելյան տնտեսական համաժողովի ժամանակ:
Հիշեցնենք, որ 66-ամյա նախկին լրտես Սերգեյ Սկրիպալը և նրա դուստրը մարտի 4-ին նյարդապարալիտիկ գազի ազդեցության էին ենթարկվել անգլիական Սոլսբերի քաղաքում և անգիտակից վիճակում տեղափոխվել հիվանդանոց։
Սկրիպալը Ռուսաստանում 2006 թվականին դատապարտվել էր Մեծ Բրիտանիայի օգտին լրտեսելու համար, իսկ 2010 թվականին նրան ներում է շնորհվել երեք այլ ռուսների հետ: Ավելի ուշ նրանց փոխանակել են ԱՄՆ-ում ձերբակալված ռուս գործակալների հետ: Սկրիպալն ապաստան էր ստացել Մեծ Բրիտանիայում: