Մոսկվայում հոր սպանության համար կասկածվող Խաչատուրյան քույրերի եղբոր մեքենայում պայթյուն է որոտացել
Մոսկվայում պայթյուն է որոտացել իրենց հոր սպանության համար կասկածվող Խաչատուրյան քույրերի 20-ամյա եղբոր՝ Արսեն Խաչատուրյանի ավտոմեքենայում: Այդ մասին տեղեկացնում է Life-ը:
Հինգերորդ ալիքի տվյալների համաձայն՝ միջադեպը տեղի է ունեցել երեկ առավոտյան, երբ երիտասարդն իր ընկերների հետ փորձել է նարգիլե ծխել ավտոմեքենայի սրահում:
Նախնական տվյալների համաձայն՝ կրակ վառելու համար նրանք օգտվել են հեղուկ գազով բալոնից, որն անհայտ պատճառով պայթել է:
Նշվում է, որ միջադեպի հետևանքով Խաչատուրյանի ընկերները դեմքի ու ձեռքերի այրվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, իսկ Խաչատուրյանը չի տուժել:
Ավելի վաղ Մոսկվայի Հանրային դիտորդական հանձնաժողովի անդամ Պավել Պյատնիցկին հայտնել էր, որ Մոսկվայում հոր դաժան սպանության համար կասկածվող Խաչատուրյան քույրերից ավագը՝ 19-ամյա Քրիստինան, ուղարկվել է հոգեբուժական փորձաքննության։
Հիշեցնենք, որ դաժան սպանությունը տեղի էր ունեցել հուլիսի 27-ին՝ Մոսկվայում: Հարազատ քույրերը, այլևս չդիմանալով հոր՝ իրենց նկատմամբ դաժան ու կոպիտ վերաբերմունքին, դանակով բազմաթիվ հարվածներ են հասցրել նրան:
Քույրերը հարցաքննության ժամանակ ընդունել են իրենց մեղքը՝ մանրամասնելով, որ հայրը տարիներ շարունակ տանջել է իրենց: Աղջիկները պատմել են, որ հայրն իրենց թույլ չէր տալիս ուսումը շարունակել: Նրանց խոսքով՝ հայրը տանն իսկական զինանոց ուներ ու անընդհատ սպառնում էր իրենց: Աղջիկների պնդմամբ՝ հայրն ուզում էր, որ իրենք անընդհատ իր կողքին լինեին ու իրենց փաստացի օգտագործում էր տնային ստրուկների պես:
Հարևաններն ու աղջիկների ընկերները պատմել են, որ հայրն իրեն պահում էր իսկական բռնապետի պես, հաճախ էր ցասման նոպաներ ունենում: Հատկանշական է, որ բոլոր հարցվածները քույրերի մասին միայն դրական բաներ են պատմել՝ նրանց բնութագրելով որպես համեստ, բարեհամբույր և հաշտ քույրեր: Աղջիկներից մեկի ծանոթի պատմելով՝ քույրերը երբեք միայնակ տնից դուրս չէին գալիս: Հայրը նրանց կարող էր ծեծել ամենաչնչին բանի համար: