Ադրբեջանը պատրաստ է ԼՂ հարցով առարկայական և ինտենսիվ բանակցությունների. Մամեդյարով
Ադրբեջանը պատրաստ է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով առարկայական և ինտենսիվ բանակցությունների: Այդ մասին ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի հետ Բաքվում հանդիպման ընթացքում հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը, գրում է «Թրենդ» գործակալությունը՝ վկայակոչելով ԱԳՆ-ի հաղորդագրությունը:
Մամեդյարովը, ընդգծելով հակամարտության կարգավորման հարցում ԵԱՀԿ-ի ներգրավվածությունը, հայտարարել է խնդրի կարգավորման ուղղությամբ ջանքերի ակտիվացման անհրաժեշտության մասին:
Հիշեցնելով, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մանդատը ձևավորվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի և Հելսինկյան եզրափակիչ ակտի համապատասխան բանաձևերի հիման վրա՝ նախարարն ընդգծել է, որ Ադրբեջանը պատրաստ է հակամարտության կարգավորման հարցում առաջընթացի ձեռքբերման և տարածաշրջանում ամուր և արդար խաղաղության ապահովման վերաբերյալ առարկայական և ինտենսիվ բանակցությունների: