Պուտինը պատմել է Սկրիպալներին «թունավորողների» մասին
Այս թեմայով
- Սկրիպալներին «թունավորողին» նկատել են ՌԴ գլխավոր հետախուզական վարչության գեներալի դստեր հարսանիքին (լուսանկար)
- Սերգեյ Սկրիպալը թունավորման դեպքից հետո առաջին անգամ զանգահարել է հարազատներին
- Սկրիպալների գործով ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է պատրաստում Ռուսաստանի դեմ
- Վիկտորյա Սկրիպալը պատմել է «տառապանքների տարվա» մասին
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանի քաղաքացիներ Ալեքսանդր Պետրովը և Ռուսլան Բոշիրովը, որոնց Մեծ Բրիտանիան մեղադրում է Սկրիպալների թունավորման համար, սովորական քաղաքացիական անձինք են: Պուտինը նրանց խորհուրդ է տվել շփվել ԶԼՄ-ների հետ և պատմել իրենց մասին, գրում է meduza.io-ն:
«Մենք գիտենք՝ նրանք ովքեր են, մենք գտել ենք նրանց: Հուսով եմ՝ նրանք շուտով կհայտնվեն և ինքնուրույն կպատմեն ամեն ինչ, նրանք քաղաքացիական անձինք են: Ոչ մի հատուկ և քրեական բան այնտեղ չկա, վստահեցնում եմ ձեզ»,- ասել է Պուտինն Արևելյան տնտեսական համաժողովի ժամանակ:
Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը սեպտեմբերի 5-ին հանդես էր եկել հայտարարությամբ՝ գաղտնազերծելով ռուսական հետախուզական ծառայության նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալի ու նրա դստեր՝ Յուլյայի թունավորման սկանդալային գործով երկու կասկածյալների անունները:
Խոսքն Ալեքսանդր Պետրովի ու Ռուսլան Բոշիրովի մասին է, որոնք Սկրիպալների դեմ հարձակումից մի քանի օր առաջ «Աէրոֆլոտ»-ի չվերթներից մեկով Մեծ Բրիտանիա էին մեկնել:
Հիշեցնենք, որ 66-ամյա նախկին լրտես Սերգեյ Սկրիպալը և նրա դուստրը մարտի 4-ին նյարդապարալիտիկ գազի ազդեցության էին ենթարկվել անգլիական Սոլսբերի քաղաքում և անգիտակից վիճակում տեղափոխվել հիվանդանոց։
Սկրիպալը Ռուսաստանում 2006 թվականին դատապարտվել էր Մեծ Բրիտանիայի օգտին լրտեսելու համար, իսկ 2010 թվականին նրան ներում է շնորհվել երեք այլ ռուսների հետ: Ավելի ուշ նրանց փոխանակել են ԱՄՆ-ում ձերբակալված ռուս գործակալների հետ: Սկրիպալն ապաստան էր ստացել Մեծ Բրիտանիայում: