Կադաստրի կոմիտեն նոր գլխավոր քարտուղար ունի
ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի գլխավոր քարտուղար է նշանակվել Գոհար Գրիգորյանը: Այս մասին տեղեկանում ենք կոմիտեի ֆեյսբուքյան էջից:
Հայտարարված մրցույթի արդյունքով եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Գոհար Գրիգորյանի հետ ժամկետային աշխատաքային պայմանագիր է կնքվել: Թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարված մրցույթին մասնակցել է եւս երկու թեկնածու:
Մինչ այս Գոհար Գրիգորյանը եղել է ՀՀ մշակույթի նախարարության Պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետի տեղակալը։ Մասնագիտությամբ պատմաբան է։ Անկուսակցական է։
Սեպտեմբերի 10-ին կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ ներկայացնելով թիմի նոր անդամին՝ Կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանն այս ոլորտում աշխատանքի էական բարելավման հույս է հայտնել, իսկ Գոհար Գրիգորյանը՝ փոխադարձ հարգանքի եւ վստահության վրա հիմնված աշխատանքի, որի արդյունքը լինելու է համակարգի դինամիկ զարգացումը։