Գերմանիայում կովը հայտնվել է տանիքի վրա (լուսանկարներ, տեսանյութ)
Գերմանիայի Բադեն Վյուրթեմբերգ երկրամասի Մայխինգեն գյուղում կովը փախել է ֆերմայից ու հայտնվել ավտոտնակի տանիքի վրա: Միջադեպին անդրադարձել է Leonberger Kreiszeitung-ը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ կովին գտել են ուղղաթիռից, այնուհետև մի ամբողջ փրկարարական գործողություն կազմակերպել:
Անհայտ է՝ ինչպես է կովը կարողացել տանիքին հայտնվել: Կենդանին շատ վախեցած է եղել, և նրան փրկելու համար մասնագետները ստիպված են եղել քնաբեր օգտագործել:
Նշվում է, որ կենդանուն երրորդ փորձից հանել են տանիքից՝ վերամբարձ կռունկի միջոցով, այնուհետև վերադարձրել ֆերմա:
Հատկանշական է, որ կովը ֆերմայից փախել էր իր հորթի հետ, որին հաջողվել է բռնել ու վերադարձնել ֆերմա, մինչդեռ նրա մայրն անհասկանալի կերպով շարունակել է զբոսնել փողոցներով ու արդյունքում հայտնվել է տանիքի վրա: