Ինչու Սինգապուրյան հրաշքը հարկային համակարգի առումով հնարավոր չէ կիրառել ՀՀ-ում
Եթե որեւէ մեկն ինձ հարց տա, թե արդյոք սինգապուրյան հրաշքը հարկային համակարգի առումով հնարավոր է կիրառել Հայաստանում, միանշանակ կասեմ՝ ոչ: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 10-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ նշելով, որ սեպտեմբերին եղել է Սինգապուրում:
«Մեզ մոտ երկու կարեւոր բան ձեւավորված չէ: Նախ, այցեքարտերի վրա, պատերին փակցված, օրենսդրության մեջ մի շատ կարեւոր նշանաբան ունի սինգապուրյան հարկային մարմինը, որը դարձրել է համազգային նշանաբան. «Մեր ազգը, մեր հարկերը»: Այսինքն հարկեր վճարելու պատրաստակամությունը ազգային անվտանգության տեսանկյունից համարվում է մի շատ կարեւոր իրադարձություն: Քանի դեռ դա մենք չենք սեփականաշնորհել, չենք կարողանալու նրանց համակարգը կիրառել:
Երկրորդ՝ մեր ՊԵԿ-ը եւ նրանց եկամուտների մարմինը ունեն տրամագծորեն հակառակ գաղափարախոսություններ: Մենք դեռեւս չենք հասել նրանց գաղափարախոսությանը: Նրանց մոտ բոլոր պրեզենտացիոն նյութերը սկսվում են այսպես. «Մենք ունենք այնպիսի կանխավարկած, որ բոլոր հարկ վճարողները ճշգրիտ կատարում են իրենց հարկային պարտավորությունները»: Այսինքն եթե ազգային անվտանգության տեսանկյունից նրանք գաղափարախոսություն են ձեւավորել, որ հարկ վճարելը հայրենասիրության տարր է, ապա հարկային մարմինը պարտավոր է այդպիսի կանխավարկած ձեւավորել իր մոտ:
Մեզ մոտ մեկ այլ նշանաբան ունենք, որը որեւէ տեղ գրված չէ: Մենք ունենք այնպիսի կանխավարկած, որ ցանկացած հարկ վճարող ցանկություն ունի որեւէ ձեւով խուսափել հարկ վճարելուց: Դա ցավալի է, բայց գալիս է ընդհանուր մշակույթից: Մենք ունենք ԽՍՀՄ-ից եկած մշակույթ, որ պետությանը խաբելը, պետությունից գողանալը հարգանքի արժանի իրադարձություններ են»,-ասաց նա: