50 մլն դրամ գրավը վճարվեց. Սերժ Սարգսյանի եղբորորդին ազատ արձակվեց «Նուբարաշեն» ՔԿՀ–ից
Քիչ առաջ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից ազատ արձակվեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Հայկ Սարգսյանը։ Այս տեղեկությունը մեզ զրույցում հաստատեց Սարգսյանի պաշտպան Երեմ Սարգսյանը։
Նա տեղեկացրեց, որ Սարգսյանի հարազատները վճարել են դատարանի կողմից սահմանված 50 մլն դրամ գրավը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Երեմ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում հայտնել էր, որ դատարանը Հայկ Սարգսյանի նկատմամբ գրավի կիրառման բավականին բարձր շեմ է սահմանել։
Հիշեցնենք, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանն այսօր՝ սեպտեմբերի 10-ին անփոփոխ թողեց Սարգսյանի նկատմամբ առաջին ատյանի դատարանի կողմից ընտրված կալանքի որոշումը։ Միեւնույն ժամանակ դատարանը բավարարեց Հայկ Սարգսյանի պաշտպանի միջնորդությունն ու որոշում կայացրեց Սարգսյանի նկատմամբ գրավը ճանաչել թույլատրելի։ Սարգսյանը ազատ կարձակվի 50 մլն դրամ գրավը վճարելուց հետո:
Հայկ Սարգսյանը մեղադրվում է 11 տարի առաջ տեղի ունեցած հանցագործության՝ սպանության փորձի եւ ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու համար: Առաջադրված մեղադրանքում նա իրեն մեղավոր չի ճանաչում:
Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 34-104-րդ հոդվածի 1-ին (սպանության փորձ) մասի եւ 235-րդ հոդվածի 1-ին մասի (զենք–զինամթերք ձեռք բերելու եւ պահելը) հատկանիշներով։Ըստ մեղադրական եզրակացության՝ Հայկ Սարգսյանը 2007թ. ապրիլի 1-ին ժամը 16:00-ի սահմաններում իր բնակության վայրի` Երեւան քաղաքի Թումանյան փողոցի 11 շենքի 14 բնակարանի նկուղային հարկում գտնվող սենյակում քննությամբ չպարզված հանգամանքներում ապօրինի ձեռք բերած եւ պահվող, հրազեն հանդիսացող «SIGSAUER» տեսակի ատրճանակով Դավիթ Սիմոնյանին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ կրակել է վերջինիս որովայնին, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներում:
Հայկ Սարգսյանի գործով առաջին դատական նիստը նշանակված է սեպտեմբերի 17-ին։