Լարախաղացն առանց ապահովագրության 50 մետր է անցել երկնաքերերի միջև. (տեսանյութ)
Դաղստանցի լարախաղաց Ռասուլ Աբակարովն առանց ապահովագրության 50 մետր է անցել «Գրոզնի Սիթի» համալիրի երկնաքերերի միջև՝ ավելի քան 100 մետր բարձրության վրա: Այդ մասին լարախաղացը պատմել է «РИА Новости»-ին:
«Ես նվիրեցի այն Գրոզնիի 200-ամյակին: Պարանը ձգված էր 32-հարկանի «Գրոզնի Սիթի» հյուրանոցի և 40-հարկանի աշտարակի միջև: Ստիպված էի դեպի վեր քայլել՝ 10 աստիճան թեքության վրա: 50 մետր տարածություն էր, որն անցա երեք րոպեում», - պատմել է Աբակարովը:
Լարախաղացի խոսքով՝ նախապատրաստվելու համար մի քանի օր է պահանջվել, իսկ ապահովության և տեխնիկական մասի համար պատասխանատու է եղել հայրը:
«Ամբողջությամբ վստահում եմ նրան, եթե ասում է՝ գնա, ես անջատում եմ ուղեղս և գնում եմ, պետք է կենտրոնանամ»,- ասել է տղամարդը՝ հավելելով, որ այն պահին, երբ ինքը կանգնել է պարանի վրա, քամի է փչել, սակայն «վերադառնալու տարբերակ չկար»:
«Իհարկե, վախենում ես, սակայն կարևորը վեր կենալն ու տրամադրվելն է, և դու գնում ես: Մենք լարախաղացներ ենք, պարանով քայլում ենք, ինչպես գետնի վրայով»,- ասել է Աբակարովը:
Նա ընդգծել է, որ իր նպատակն այս անհետացող արհեստի նկատմամբ ուշադրություն գրավելն է և որ ինքը սերունդներին կփոխանցի այն: