Ո՞ր դեպքում ոստիկանությունը կարող է ուժ կիրառել՝ հավաքը ցրելիս. Օսիպյանի պարզաբանումը
Ոստիկանապետ Վալերի Օսիպյանը 2008թ. դեպքերի ժամանակ ոստիկանների ապօրինություններով հարուցված քրեական գործով չի կանչվել հարցաքննության։ Այսօր՝ սեպտեմբերի 6–ին, լրագրողների հետ զրույցում Օսիպյանն ասաց, որ այն ժամանակ ինքը վերադասից հրաման է ստացել՝ հասարակական կարգն ապահովել։
Հարցին՝ ինչպես պետք է ապահովեին հասարակական կարգը, ուժ կիրառելու հրաման եղել է, թե ոչ, Օսիպյանը պատասխանեց. «Ոստիկանության օրենքով նախատեսված է, որ իրավունք ունի ֆիզիկական ուժ կիրառել»։
Արդոք Մարտի 1–ի գործով ստացվում է, որ Ոստիկանությունն իր լիազորություններից, իրավունքներից դուրս է եկել։
«Չեմ կարող ասել, դրա համար ՀՔԾ–ում կորոշեն, հետո կանդրադառնանք»,– պատասխանեց Օսիպյանը։
Լրագրողներն Օսիպյանից նաև հետաքրքրվեցին՝ արդյոք Հայաստանը միա՞կ երկիրն է, որը նման ձեւով փորձել է ցույցերը հանդարտեցնել, ցրել, եւ կա՞ երկիր, որտեղ ցույցերը ցրելու ժամանակ զոհեր են եղել, եւ նախագահ է դատապարտվել դրա համար։
«Ուսումնասիրելով տարբեր երկրների փորձը, հենց զարգացած երկրներում տեսեք, թե ինչեր են կատարվում։ Եթե օրենքը նախատեսում է, դրան տարբեր միջոցներ կան, բայց որեւէ մեկը հրահանգ չի տալիս անօրինական հավաքը ցրելու դեպքում պարտադիր զոհեր լինեն, ոչ, դա արգելված է»,– ասաց Օսիպյանը։
Օսիպյանի խոսքով՝ աշխարհում լինում են դեպքեր, երբ անօրինական հավաքը ցրելիս զոհեր են լինում, սակայն ներկայիս Հայաստանում նման բան բացառված է։
«Ներկայիս ՀՀ–ում հնարավոր չէ, չի կարող լինել՝ բացառությամբ բացառիկ դեպքերի, երբ այդ միտինգները, երթերը վերածվեն մասսայական անկարգությունների, երբ մասսայական անկարգությունները վերածվեն իշխանությունը բռնի ուժով տապալելու, եւ ցուցարարների կողմից կիրառվի զենք–զինամթերք, բնական է՝ իրավապահները պետք է նման մարդկանց օրենքով սահմանված կարգով կարգի հրավիրեն, բայց ես այն կարծիքի չեմ, որ ՀՀ քաղաքացիները կգնան դրան ներկայիս ստեղծված իրավիճակում, ոչ, դա բացառվում է, էլ չեմ ասում՝ ներկայիս Ոստիկանությունը»,– ասաց Օսիպյանը։
Լրագրողի հարցին՝ արդյոք 2008–ի իրադարձությունները զանգվածային անկարգություններ էին, քանի որ տասը տարի դա է եղել պաշտոնական վարկածը, Օսիպյանը պատասխանեց. «Ես չեմ կարող այդ գնահատականը տալ, քանի որ ես այդ ժամանակ այդ պաշտոնին էլ չէ։ Հարցրեք իմ վերադասներին, ովքեր եղել են»։