Իրաքում ցուցարարները հրկիզել են կառավարության շենքը
Իրաքի Բասրա քաղաքում ցուցարարները հրկիզել են կառավարության շենքը, հաղորդում է Reuters-ը` վկայակոչելով անվտանգության աշխատակիցներին:
Ցուցարարները արգելափակել են նաեւ Բասրայից Բաղդադ ճանապարհը՝ բողոքելով էլեկտրականության տատանումների, գործազրկության եւ արմատացած կոռուպցիայի դեմ:
Ավելի վաղ անվտանգության ուժերը արցունքաբեր գազ էին կիրառել եւ սկսել էին օդ կրակել` փորձելով ցրել ցուցարարներին:
Նախօրեին 5 ցուցարարների մահը ավելի է զայրացրել մարդկանց: Բախման հետեւանքով վիրավորվել է 22 զինծառայող:
Այսօր ակցիաները շարունակվել են տեղական ինքնակառավարման մարմնի շենքի մոտ, որտեղ հավաքվել են հազարավոր մարդիկ:
Բասրայի բնակիչները ասում են, որ ջրամատակարարման համակարգի մեջ ներթափանցած աղը ջուրը խմելու համար անպիտան է դարձնում եւ հարյուրավոր բնակիչներ հիվանդանոցներում են հայտնվել: