Դեսպան Միլսը մանրակրկիտ եւ օբյեկտիվ քննության կողմնակից է
Ես տեսել եմ այդ գնահատականները, արձագանքները եւ Հայաստանի կառավարությունը պետք է արձագանքի այդ մեկնաբանություններին: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 5-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը՝ պատասխանելով հարցին, թե վերջին օրերին Ռուսաստանի տարբեր պաշտոնյանների կողմից Հայաստանի ներքին իրավիճակի հետ կապված գնահատականներ են հնչում, արդյոք դրանք ճնշում չեն Հայաստանի նոր իշխանությունների նկատմամբ եւ միջամտություն մեր երկրի ներքին գործերին։
«Մեր դիրքորոշումը եղել եւ մնում է այն, որ Մարտի 1-ի դեպքերի մասով պետք է մանրակրկիտ եւ օբյեկտիվ քննություն իրականացվի։ Կարեւոր է, որ այդ քննությունն իրականացվի իրավունքի գերակայության եւ պատշաճ իրավական գործընթացների շրջանակներում»,-ասաց Միլսը:
Հիշեցնենք, որ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, թե Ռուսաստանն անհանգստացած է, որ Հայաստանում իրավիճակը շարունակում է եռալ։ Միաժամանակ Լավրովը նշել էր, որ Մոսկվան 10 տարվա վաղեմության գործերի քննությունը Հայաստանի ներքին գործն է համարում:
«Մեզ մտահոգում է, որ Հայաստանում իրավիճակը հիմա շարունակում է փոթորկվել, մասնավորապես՝ քննվում են տասնամյա վաղեմության իրադարձությունները, կալանավորումներ են իրականացվում»,- ասել է Լավրովը՝ նաեւ հավելելով. «Մենք ցանկանում ենք, որ այս ներքին գործերը օրենքի եւ սահմանադրության ամուր հիմք ունենան, ինչպես նաեւ արագ հաղթահարվեն, որպեսզի Հայաստանը կարողանա կենտրոնանալ ստեղծագործ խնդիրներ վրա»:
Լուրեր Հայաստանից - NEWS.am