«Առինջ մոլ»–ի աշխատակիցները բողոքի ցույց են իրականացնում կառավարության դիմաց
«Առինջ մոլ» առեւտրի կենտրոնի աշխատակիցները այսօր՝ սեպտեմբերի 3-ին բողոքի ցույց են իրականացնում կառավարության շենքի դիմաց՝ բողոքելով հագուստի ներկրման դեպքում ծառայությունների գների թանկացման դեմ։
Նշենք, որ Մաքսային սահմանն անցնելիս հագուստ ներկրողների համար մեկ կիլոգրամի հաշվով ծառայության արժեքն ավելացել է 2 դոլարով: Այս հարցը ԱԺ արտահերթ նիստում օրերս բարձրացրել էր նաեւ Ծառուկյան դաշինքի պատգամավոր Սերգեյ Բագրատյանը՝ նշելով, որ գործարարներից բազմաթիվ բողոքներ են ստացել:
«Մինչեւ «Նորֆոլկ»–ը քաշի գները 2 դոլար էր, «Նորֆոլկ»–ը եկավ, դառավ երեք դոլար, որից 70 ցենտը «Նորֆոլկ»–ինն էր, մենք մտածում էինք հեղափոխությունից հետո այդ 70 ցենտը կիջնի, բայց ընդհակառակը՝ դարձավ 4.80, մի քիչ բողոքի ձայն լսեցին, իջեցրեցին 4.30»,–բողոքեց «Համերաշխություն» ՀԿ-ի նախագահ Արմեն Ներսիսյանը։
Նա հայտնեց, որ պատրաստվում են խաղաղ ցույց անել կառավարության շենքի մոտ, մինչեւ վարչապետը կընդունի իրենց:
«Խելոք կկանգնենք, մինչեւ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպենք։ Խնդրելու ենք, որ վերանայվեն այդ գները»,–նշեց նա, ապա կոչ արեց բոլոր առեւտրով զբաղվող անձանց միանալ եւ իրենց բողոքի ձայնը բարձրացնել այդ թանկացումների դեմ։
«Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊԸ-ն զբաղվում էր ներկրվող ապրանքների մաքսազերծման ծառայություններ մատուցելով եւ մենաշնորհային դիրք էր զբաղեցնում: ՀՀ ԱԱԾ–ն հանցավոր սխեմա էր բացահայտել «Նորֆոլկ Քոնսալթինգ»–ում, որի միջոցով այս ընկերությունը «չարամտորեն խուսափել էր առանձնապես խոշոր չափերով հարկեր, տուրքեր և պարտադիր այլ վճարումներ կատարելուց»։ Հիմա «Նորֆոլկ Քոնսալթինգը» լուծարման փուլում է գտնվում։
Բողոքի ցույցի մասնակիցներից մեկն էլ, որը զբաղվում է հագուստի ներկրմամաբ, համոզմունք հայտնեց, որ սա փոքր ու միջին բիզնեսը «խեղդելու» ակնհայտ փորձ է։ «Եթե չեն ուզում փոքր ու միջին բիզնեսմեններին խեղդեն, ապա խեղդելը էլ ինչպես է լինում։ Մաքսը 1.5 դոլարից 3.5 դոլարի բարձրացնելը 240 տոկոս թանկացում է, որը չգիտեմ ուր կտանի՝ կամ կառավարությունը պետք է լուծում գտնի, կամ կդադարենք աշխատելը»,–նշեց նա՝ հավելելով, որ ինչ գները բարձրացվել են, ինքը հագուստ չի ներկրել։