Արցախի ճանաչումն ինքնանպատակ չի կարող լինել, ճանաչումն առանց անվտանգության գին չունի. Դավիթ Բաբայան
Սեպտեմբերի 2-ը ոչ միայն Արցախի, այլև հայ ժողովրդի համար կարևոր իրադարձություն էր, քանի որ վերականգնվեց հայոց անկախ պետականությունն Արցախում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը` անդրադառնալով ԼՂՀ-ի հռչակման 27-ամյակին:
«Արցախի անկախության կերտումը հետևանք է ողջ հայության միասնականության, սա մեր ընդհանուր հաղթանակն է: Սա պատմական արդարության վերականգնում է, քաղաքական կարևոր քայլ, ռազմաքաղաքական, հոգեբանական նշանակալի իրադարձություն է, պատմական հսկայական նվաճում է»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ այսօր լրանում է ԼՂՀ հռչակման 27-րդ ամյակը: 1991թ. սեպտեմբերի 2-ին ժողովրդական պատգամավորների Լեռնային Ղարաբաղի մարզային Խորհրդի, Շահումյանի շրջանային Խորհրդի և բոլոր մակարդակների Խորհուրդների պատգամավորների համատեղ նստաշրջանը ԼՂՀ հռչակման և նրա պետական իշխանության ու կառավարման ժամանակավոր մարմինների ձևավորման մասին հռչակագիր ընդունեց: