«Հայաստանը ՀԱՊԿ անդամ միակ երկիրը չէ». Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ Հայաստանի՝ վետոյի կիրառման մտադրության մասին
Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Հիքմեթ Հաջիևը չի մեկնաբանել Ադրբեջանի՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանն անդամակցության հավանականության մասին հարցը։
Ինչպես փոխանցում է «Интерфакс-Азербайджан»-ը, Հաջիևը նշել է, որ հարցի շուրջ որևէ լրացուցիչ մեկնաբանություն չկա։
Անդրադառնալով պաշտոնական Երևանի մտադրությանը, համաձայն որի Ադրբեջանի անդամակցության դեպքում ՀԱՊԿ անդամ հանդիսացող Հայաստանը կարող է օգտագործել վետոյի իր իրավունքը, Ադրբեջանի ԱԳՆ խոսնակն ասել է․ «Հայաստանը ՀԱՊԿ անդամ միակ երկիրը չէ, կան այդ կառույցի նաև այլ անդամ երկրներ»։
Ավելի վաղ Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակի ժամանակավոր պաշտոնակատար Աննա Նաղդալյանն ասել է, որ «եթե նման հարց դիտարկվի, Հայաստանը կօգտագործի վետոյի իր իրավունքը»։