«Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունները զարգանում են բոլոր ուղղություններով»․ Զախարովա
Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունները զարգանում են բոլոր ուղղություններով, ինչը դրական գործոն ու միտում կարելի է համարել։ Նման հայտարարություն է արել Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան, գրում է ադրբեջանական Trend գործակալությունը։
«Ամենակարևորը՝ զարգանում են բոլոր ուղությունները՝ հումանիտար, քաղաքական, տնտեսական», - ասել է Զախարովան՝ ընդգծելով, որ չի ցանկանում և չի կարող առանձնացնել մեկ ոլորտ։
Հիշեցնենք, որ նույն ճեպազրույցի ժամանակ Զախարովան մեկնաբանել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի՝ Երևանում արած հայտարարությունն այն մասին, որ Գերմանիան պատրաստ է առավել գործնական աջակցություն ցուցաբերել արցախյան հիմնախնդրի կարգավորմամբ զբաղվող կողմերին։
«Ես կարծում եմ, որ դա պետք է որոշեն անմիջապես հակամարտության կարգավորման գործընթացի մեջ ներգրավված կողմերը։ Ամեն բան պետք է արվի կարգավորման ձևաչափերի արդյունավետությունը հասկանալով։ Այս գործոնների ամբողջության մեջ է պետք դիտարկել նման հայտարարությունները», - ասել է Զախարովան։