Հյուսիսային պողոտայում ձերբակալվել է Ուկրաինայի 2 քաղաքացի (տեսանյութ)
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Հյուսիսային պողոտայում ոստիկանները բռնի ուժով բերման են ենթարկել երաժիշտների, ինչը լայն քննարկման առարկա էր դարձել ֆեյսբուքում՝ հարուցելով բոլորի զայրույթը: Հյուսիսային պողոտայից Ուկրաինայի երկու քաղաքացի է բերման ենթարկվել:
ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանն ասել է, որ Ուկրաինայի քաղաքացիները վարչական ձերբակալման են ենթարկվել:
«Օգոստոսի 29-ին՝ ժամը 21:30-ին, ոստիկանության ծառայողները Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 175 հոդվածի հիմքով Հյուսիսային պողոտայում վարչական ձերբակալման են ենթարկել Ուկրաինայի Հանրապետության 2 քաղաքացու ու բերել ոստիկանության Կենտրոնականի բաժին»,- ասել է Զարզանդ Գաբրիելյանը:
Ոստիկանությունից հայտնեցին, որ Ուկրաինայի քաղաքացիների նկատմամբ նույն հոդվածով կազմվել է վարչական արձանագրություն, նրանք ազատ են արձակվել, իրականացվում է վարչական վարույթ:
Նշենք, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ 175-րդ հոդվածը սահմանում է՝ հասարակական վայրերում ոգելից խմիչքներ օգտագործելը կամ ոչ սթափ վիճակում հայտնվելը։