Դեն Բիլզերյանի այցն Արցախ քաղաքական չէ, մասնավոր է, որևէ պատվեր իր մեջ չի պարունակում
«Պոկերի արքա»,միլիարդատեր Դեն Բիլզերյանի այցն Արցախ քաղաքական չէ, մասնավոր է:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահ Բակո Սահակյանի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը՝ մեկնաբանելով շրջանառվող լուրերը, թե Արցախի ղեկավարության կողմից է կազմակերպվել Բիլզերյանի այցը:
«Այն , որ Դեն Բիլզերյանն այցելելու է Արցախ, մենք իմացել ենք սոցիալական ցանցերի միջոցով: Մեր հայրենակիցը ցանկացել է այցելել Արցախ և մենք ողջունում ենք ցանկացած քաղաքացու այցն Արցախ, առավելևս` մեր հայրենակիցների: Սա որևէ քաղաքական այց չէ, սակայն անձնական, մասնավոր այցելություն է, որը, միգուցե, լայն արձագանք ունենա աշխարհում: Հանրաճանաչ մարդկանց այցելությունն Արցախ ուղղակի և անուղղակի ձևով նպաստում է, որպեսզի մեր երկիրը ճանաչելի դառնա աշխարհում, որպեսզի տեղեկանան, որ Արցախը նորմալ, ժողովրդավար երկիր է, իրավիճակը կայուն է, հասարակական անվտանգության մակարդակը չափազանց բարձր է, այլապես նման ճանաչում ունեցող մարդիկ չեն գա Արցախ»,-ասաց Դավիթ Բաբայանը:
Նա հայտնեց, որ Բիլզերյանի այցը ողջունվում է, և այն քաղաքական նպատակ, առավել ևս պատվեր իր մեջ չի պարունակում:
Նա հայտնեց, որ որևէ անձի կողմից այցը կազմակերպված չէ: Հարցին, թե իսկ հանդիպում նախատեսվա՞ծ է պաշտոնատար որևէ անձի կամ նախագահ Բակո Սահակյանի հետ, ասաց.«Նախատեսված չէ, եթե լինի, բնականաբար կտեղեկացնենք»:
Հարցին,թե Դեն Բիլզերյանի՝ դիրքեր այցելելու մասին լուրեր կան, նման տեղեկություն ունի Արցախի վերնախավը, Դավիթ Բաբայանն ասաց.« Չգիտեմ, որ այցելի, ինքը կհայտնի»: