Գերմանիան պատրաստ է նպաստել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը
Գերմանիան, լինելով ԵՄ առաջատար պետություններից մեկը, շահագրգռված է կայունությամբ եւ խաղաղությամբ Հարավային Կովկասի տարածաշրջանում: Հենց այս մասին է խոսել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Երեւան եւ Բաքու կատարած այցերի ժամանակ: Այս մասին օգոստոսի 28-ին կայացած մամուլի ասուլիսին հայտարարեց Հայաստանի Հանրապետության արտգործնախարարության մամուլի քարտուղարի պաշտոնակատար Աննա Նաղդալյանը:
«Խաղաղություն եւ անվտանգություն հաստատելու համար անհրաժեշտ է բարենպաստ մթնոլորտ ստեղծել: Ռազմատենչ հռետորաբանությունը, ատելության սերմանումը պետք է բացառվեն: Դրանք էին Գերմանիայի առաջնահերթությունները ԵԱՀԿ-ում նախագահության ընթացքում: Երկու մայրաքաղաքներում էլ կանցլերը հայտարարել է նման մթնոլորտի ստեղծման անհրաժեշտության եւ Բեռլինի՝ դրա ստեղծման գործում քաղաքական պատասխանատվություն ստանձնելու պատրաստակամության մասին»,- նշեց Աննա Նաղդալյանը: Բաքվում Անգելա Մերկելը հայտարարել էր նաեւ հակամարտության գոտում ապրող մարդկանց խնդիրների լուծման անհրաժեշտության մասին: