Ընտրական օրենսգիրքը կընդունվի սեպտեմբերին կամ հոկտեմբերի սկզբին. Դանիել Իոաննիսյան
Մենք մտել ենք Ընտրական օրենսգրքի հայեցակարգի վերջնականացման փուլ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետին առընթեր Ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը։
Նա տեղեկացրեց, որ իրենք արդեն հրապարակել են Քրեական, Քրեական դատավարության եւ Վարչական իրավախախտումների օրենսգրքերում փոփոխությունների նախագծերը, որոնք վերաբերում են ընտրախախտումների համար պատասխանատվությանը:
«Նախագծերն արդեն հրապարակված են: Ցանկալի սցենարն այն է, որ այս փոփոխությունները ուժի մեջ մտնեն Երեւանի ավագանու ընտրություններից առաջ»,-ասաց նա:
Հարցին, թե արդեն իրենց հանձնաժողովն ստացե՞լ է Ազգային ժողովի 4 խմբակցությունների աշխատանքային խմբի առաջարկները, եւ որն է լինելու իրենց հաջորդ քայլը, Իոաննիսյանը պատասխանեց. «Աշխատանքային խմբի առաջարկները ստացվել են, որոշ առաջարկներ ընդունվել են, որոշները՝ ոչ: Օրինակ, ընդունվել է ընտրագրավը նվազեցնելու մասին առաջարկը»:
Նա ընդգծեց, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում չի լինելու ՀՀԿ-ի առաջարկած էլեկտրոնային քվեարկության տարբերակը:
Ինչ վերաբերում է ՀՅԴ առաջարկին՝ մեծացնել ընդդիմության նվազագույն տեսակարար կշիռը՝ հասցնելով 40 տոկոսի, Դանիել Իոաննիսյանը նշեց, որ դա խախտում է Սահմանադրության մեջ ամրագրված համամասնականության սկզբունքը. «Առանց այդ էլ բոնուսային համակարգը խախտում է համանասկանության սկզբունքը, հիմա սա էլ ավելի կխախտի այդ սկզբունքը»:
Իոաննիսյանը նշեց, որ ընտրական օրենսգրքի հայեցակարգը կներկայացնեն վարչապետին: Նա նաեւ վստահություն հայտնեց, որ ընտրական օրենսգիրքը կընդունվի սեպտեմբերին կամ հոկտեմբերի սկզբին:
Լուրեր Հայաստանից - NEWS.am