«ԵԱՏՄ անդամ կարող է դառնալ ցանկացած երկիր, որը կիսում է կազմակերպության սկզբունքները»․ Ադրբեջանում ՌԴ դեսպան
Եվրասիական տնտեսական միության անդամ կարող է դառնալ ցանկացած պետություն, որը կիսում է կազմակերպության սկզբունքներն ու նպատակները։ Այդ մասին հայտարարել է Բաքվում Ռուսաստանի Դաշնության դեսպան Միխայիլ Բոչարնիկովը՝ շեշտելով, որ նոր անդամի ներգրավումը տեղի է ունենում ԵԱՏՄ բոլոր անդամների համաձայնությամբ։
Ինչպես գրում է minval.az-ը, դեսպանը նշել է, որ կարևոր է, թե ինչպես է ԵԱՏՄ անդամ դառնալու հետաքրքրություն դրսևորող ցանկացած երկիր տեսնում իր ազգային շահերը, դա վերաբերում է նաև Ադրբեջանին։
«Ես կարծում եմ, որ դա վերաբերում է նաև Ադրբեջանին, սակայն այդ հանրապետության ազգային շահերը գնահատվում են Բաքվում։ Եթե կառույցի անդամ դառնալու խնդրանք լինի՝ ԵԱՏՄ շրջանակում այն կքննվի համապատասխան մեխանիզմների միջոցով, որոնք ամրագրված են միության կանոնադրությամբ», - նշել է Բոչարնիկովը։
Դեսպանն ընդգծել է, որ թեմայի վերաբերյալ հստակ որևէ բան այժմ ասել չի կարող, սակայն ինքը կողջուներ ցանկացած քայլ, որը կամրապնդեր եվրասիական գոտում տնտեսական փոխգործակցությունը։