Վարչապետի մի քանի հայտարարություններ մտահոգություն են առաջացնում
Օգոստոսի 17-ի հանրահավաքի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը սահմանադրական փոփոխությունների, դատավորներին ուղղված կոչի եւ անցումային արդարադատության վերաբերյալ որոշակի մտահոգություն է առաջացնում։ Այս մասին օգոստոսի 20-ին՝ լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է փաստաբան Նորայր Նորիկյանը՝ մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի ելույթը օգոստոսի 17-ի հանրահավաքին։
Խոսելով սահմանադրական փոփոխությունների մասին, որը թույլ կտա Ազգային ժողովին ինքնալուծարվել՝ բացառելով վարչապետի հրաժարականի նախապայմանը, նա նշել է, որ խոսքը սահմանադրության 92-րդ հոդվածի փոփոխության մասին է։
«Սակայն, փոփոխություն իրականացնել այդ հոդվածում կարելի է Ազգային ժողովի 2/3-րդ քվեով: Փաշինյանն առաջարկում է փոփոխություն իրականացել, որ Ազգային ժողովն ինքն իր ինքնալուծարման մասին որոշում կայացնի՝ բացառելով վարչապետի հրաժարականը: Այդպիսի փոփոխություն կարելի է կատարել այն դեպքում, եթե այսօրվա ՀՀԿ-ն տա իր համաձայնությունը, դա նշանակում է՝ ՀՀԿ-ն պետք է գործի երկրորդ «ինքնասպանությունը»»,–պարզաբանել է Նորիկյանը։
Նրա կարծիքով՝ պետք չէ նման սցենարով գնալ, գործադիրը չպետք է ստիպի օրենսդիր իշխանությանը։
Լրագրողի հարցին, թե չի՞ ստացվում արդյոք, որ 100 օր պաշտոնավարելուց հետո էլ Նիկոլ Փաշինյանն է «իր հագով» Սահմանադրություն կարում առանց իր հրաժարականի խորհրդարանական ընտրություններ անցկացնելու համար, արդյոք դա նույնը չէ՞, ինչի մեջ նախկինում Փաշինյանը մեղադրում էր նախկին իշխանություններին, Նորիկյանը նկատեց, որ կարող է նման ընկալում լինել:
«Դրա համար էլ ես ասում եմ, որ կան մտահոգություններ, պետք չէ նման քայլ անել, որովհետեւ Փաշինյանը պետք է մտահոգություն չունենա, որ ինքը չի ընտրվելու վարչապետ»,-շեշտեց նա:
Նա նաեւ անդրադարձավ հանրահավաքի ժամանակ Փաշինյանի՝ դատավորներին ուղղված կոչին։ Այսպես, Երեւանում հանրահավաքի ժամանակ Փաշինյանը կոչ արեց դատավորներին «խելքները գլուխները հավաքել»։
Փաստաբանը, մասնավորապես, կարծիք հայտնեց՝ շատերը կան, որ դատական համակարգում տեղ չունեն, սակայն կյանքի գնով պետք է պահպանել դատական համակարգի անկախությունը։ Փաստաբանի կարծիքով՝ այդպիսի կոշտ տոնայնությամբ հանդես գալը որոշակի այլ ենթատեքստերով գնահատականների տեղիք կարող է տալ:
Խոսելով անցումային արդարադատության մասին՝ փաստաբանն ասաց, որ դա որոշակի ուրույն գործիքակազմ է, իսկ Հայաստանում իրականացնելու համար պետք է պատասխանել հետեւյալ հարցերին. «Արդյոք ՀՀ օրենսդրությունն անհրաժեշտ եւ բավարար չե՞ն արդարադատության համար, ովքե՞ր, ի՞նչ սկզբունքով ու ո՞ր կառույցներն են իրականացնելու անցումային արդարադատություն, արդյոք բողոքարկելի՞ են լինելու անցումային արդարադատության ընթացքում իրականացված որոշումները: Իմ կարծիքով՝ ՀՀ օրենսդրությունը բավարար է օրինականության վերականգնման եւ հաստատման ուղղությամբ»–եզրափակեց նա: