Ադրբեջանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին անհնարին է՝ Հայաստանի մասնակցության պատճառով․ Ադրբեջանի նախկին արտգործնախարար
Ադրբեջանի նախկին արտգործնախարար Թոֆիկ Զուլֆուղարովը հայտարարել է, որ Ադրբեջանի անդամակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանն անհնարին է Հայաստանի՝ այդ կառույցի անդամ լինելու պատճառով։ Այս մասին նախկին նախարարը խոսել է ադրբեջանական Turan գործակալությանը տված հարցազրույցում։
Ըստ Զուլֆուղարովի՝ Ադրբեջանը կարող է ՀԱՊԿ անդամ դառնալ միայն Արցախի հակամարտության հանգուցալուծման դեպքում։ Նա նշել է, որ Ադրբեջանի՝ կազմակերպությանը միանալու հարցը կարող է դիտարկվել միայն «օկուպացված տարածքներն ազատագրելու» և Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման դեպքում։ Նախկին նախարարի խոսքով՝ իրադարձությունների նման զարգացումը հեռու է իրականությունից, իսկ դրա պատճառը Ռուսաստանի դիրքորոշումն է ԼՂ հակամարտության հարցում։
Զուլֆուղարովի կարծիքով՝ ռուսաստանյան որոշ շրջանակներ ստեղծում են մի իրավիճակ, որ հակամարտությունն այդպես էլ լուծում չստանա։ Ավելին՝ ադրբեջանցի նախկին նախարարը պնդում է, որ «Ռուսաստանի կողմնակալ դիրքորոշումը թույլ է տալիս հայկական կողմին բանակցային սեղանի շուրջ հանդես գալ ծայրահեղական դիրքից», ինչն էլ թույլ չի տալիս հասնել բանակցային գործընթացում առաջխաղացման։
Վերջին շրջանում ադրբեջանական լրատվամիջոցներում շրջանառվում են լուրեր, համաձայն որոնց Ադրբեջանը կարող է դիտարկել ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը։