Արևմուտքին հետաքրքրում է՝ ով է Սերգեյ Լավրովը. լիբանանյան Al Mayadeen-ն անդրադարձել է «հայկական արմատներով» դիվանագետին
Սերգեյ Լավրովը Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքական գերատեսչությունը ղեկավարում է արդեն 16 տարի, և բոլորը, ովքեր երբևէ նրա հետ շփվելու առիթ են ունեցել, կասկածի տակ չեն առնում նրա դիվանագիտական վարպետությունն ու խելքը, գրում է լիբանանյան Al Mayadeen-ի թղթակից Ռենե Նաբաան հեռուստաալիքի կայքում:
Հեղինակի խոսքով՝ Լավրովն ունի իր ուրույն ոճը, որը բնութագրվում է ոչ տրիվիալ մոտեցմամբ ու մեծ համբերատարությամբ:
«Նա կարողանում է երկար համբերել, հաշվարկել, թե դիմացինն ինչ արձագանք կտա, ինչպես նաև կարողանում է ակտիվ հաճոյախոսել՝ մրցակցին նոկաուտի ենթարկելուց առաջ»,-գրում է Նաբաան:
Հեղինակը նկատում է, որ Լավրովը «ջախջախել» է Սիրիայում ընթացող պատերազմի ֆոնին ստեղծված միջազգային կոալիցիայի շրջանակում բոլոր արևմտյան ու արաբ գործընկերներին՝ այդ թվում նաև ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնին, Մեծ Բրիտանիայի նախկին արտգործնախարարներ Դևիդ Միլիբենդին և Ուիլյամ Հեյգին, Ֆրանսիայի նախկին արտգործնախարարներ Ալեն Ժյուպեին ու Լորան Ֆաբիուսին, Քաթարի նախկին արտգործնախարար Համադ բեն Ջասիմին ու Սաուդյան Արաբիայի նախկին արտգործնախարար Սաուդ ալ Ֆեյսալին:
Ի վերջո, Լավրովը նրանց շարքում մնաց միակ «դիմացկունը»:
«Լավրովն ունի հայկական արմատներ: 2004 թվականից ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի պաշտոնը զբաղեցնող գործիչն ավարտել է ամենահեղինակավոր բուհերից մեկը՝ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտը: Նա շատ է սիրում իր աշխատանքն ու այն հրաշալի է համարում»,-մանրամասնում է հեղինակը:
Այնուհետև աղբյուրն անդրադառնում է ՌԴ արտաքին քաղաքականության համար ամենաշրջադարձային կետերից մեկին՝ 2015թ. սեպտեմբերին սիրիական հակամարտությանը միջամտելու որոշմանը:
«Այսպիսով՝ Ռուսաստանը խախտեց Արևմուտքի՝ Միջերկրական ծովում օդային և ծովային մենաշնորհը: Դա թույլ տվեց նաև նվազեցնել Սիրիայի նկատմամբ կիրառվող դիվանագիտական ճնշումը»,-ընդգծում է Նաբաան:
Անդրադարձի վերջում հեղինակը մեջբերում է Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբբասի հնչեցրած մտքերից, համաձայն որի՝ «եթե ցանկանում եք պաշտպանել ձեր իրավունքները, ապա պետք է դիմեք Ռուսաստանին»: