Կրասնոդարի երկրամասում Հայաստանի խանդոտ քաղաքացին պատվիրել է նախկին ընկերուհու սպանությունը
ՌԴ ՔԿ երկրամասային ՔՎ Կրոպոտկինի բաժնի քննիչները Հայաստանի 29-ամյա քաղաքացուն մեղադրանք են առաջադրել պատվիրված սպանության նախապատրաստումը հովանավորելու համար (ՌԴ ՔՕ 33-րդ հոդվածի 4-րդ մաս, 30-րդ հոդվածի 1-ին մաս, 105-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» կետ): Քննչական կոմիտեի տեղեկություններով՝ տղամարդը Թբիլիսյան ստանիցայում ապրել է 32-ամյա աղջկա հետ միասին, սակայն որոշ ժամանակ անց զույգը բաժանվել է, եւ խանդոտ տղամարդը սկսել է հասունացնել սիրեցյալի սպանության ծրագիրը: Նա, մասնավորապես, դիմել է ծանոթին՝ խնդրելով գտնել փողի դիմաց սպանությունը կատարողի: Ծանոթն, իր հերթին, համաձայնվել է քիլեր գտնել, սակայն այդ մասին, համենայնդեպս, հայտնել է իրավապահներին: Հետագայում վարձված մարդասպանի դերում հանդես է եկել ոստիկանության օպերատիվ աշխատակիցը: Նախկին ընկերուհու սպանության համար Հայաստանի քաղաքացին հանցագործության ենթադրյալ կատարողին փոխանցել է 10 հազար ռուբլի կանխավճար, հայտնում է «Կոմերսանտը»:
«Հետագայում ենթադրյալ զոհի սպանությունը բեմականացվել է: 2018 թվականի օգոստոսի 2-ին նրան որպես ապացույց ներկայացվել են սպանվածի լուսանկարները եւ նրա հեռախոսը: Ենթադրելով, որ նախկին կենակցուհին մահացել է, նա տղամարդուն եւս 10 հազար ռուբլի է փոխանցել, որից հետո ձերբակալվել է ոստիկանության աշխատակիցների կողմից»,- ասել են ՌԴ ՔԿ Կրասնոդարի երկրամասի քննչական վարչությունից: