Ճապոնիայում նախապատրաստվում են հրաբխի՝ «աղետալի» ժայթքմանը
Ճապոնիայի կառավարությունը ճգնաժամային շտաբ է ստեղծել, ինչը պայմանավորված է երկրի հարավ-արևմուտքում հրաբխի՝ աղետալի ժայթքման հավանականությամբ:
Ինչպես նշում է ria.ru-ն, ավելի վաղ Ճապոնիայի գլխավոր օդերևութաբանական վարչությունը, հիմնվելով հրաբխային երկրաշարժերի հաճախականության կտրուկ ավելացման փաստի վրա, նախազգուշացրել էր Կուտինոերաբու կղզում գտնվող Սինդակե հրաբխի ուժեղ ժայթքման հավանականության մասին: Մասնագետների խոսքով՝ դա կարող է աղետալի հետևանքներ առաջացնել որոշ բնակավայրերում:
«Հրաբխային ակտիվությունը կարող է ավելանալ»,-հայտնել են վարչությունից:
Այժմ հրաբխի գոտում վտանգի մակարդակը երկրորդից միանգամից հասցվել է 4-րդի, ինչը նշանակում է տարհանման նախապատրաստում:
Հրաբխից 3 կմ շառավղի վրա բնակվող մարդիկ նախազգուշացվել են զգոնություն ցուցաբերել, քանի որ հնարավոր է լավայի արտահոսք ու հրաբխային բեկորների նետում:
Աղբյուրը հիշեցնում է, որ վերջին անգամ Սինդակե հրաբուխը ժայթքել էր 2015թ. մայիսին: Այն ժամանակ տարհանվել էր կղզու ամբողջ բնակչությունը: Նրանք կարողացել էին հետ վերադառնալ միայն դեկտեմբերին: