Վլադ Լիստևի գործընկերն ասել է՝ ով է նրա սպանության պատվիրատուն
Ռուսական «Առաջին ալիքի» նախկին գործադիր տնօրեն Վլադ Լիստևի գործընկեր Դմիտրի Զախարովը հայտարարել է, որ Լիստևի աղմկահարույց սպանության պատվիրատուն հանգուցյալ օլիգարխ Բորիս Բերեզովսկին էր: Այդ մասին Զախարովն ասել է MixTV-ին տված հարցազրույցում:
Տղամարդն իր գործընկերոջ սպանությունը կապել է «Առաջին ալիք»-ում գովազդի տեղադրման մենաշնորհի հետ:
Զախարովը մանրամասնել է, որ խոսքն «Առաջին ալիք»-ում գովազդի տեղադրման ու դրա համար վճարման հետ կապված հարցի մասին է, ինչը զրուցակցի պնդմամբ՝ հակասում էր Բերեզովսկու շահերին: Նա նշել է, որ որոշման արդյունքում «բոլորին քաջ հայտնի մարդը, որն այլևս ողջ չէ, զրկվում էր մեկ միլիարդի քառորդ մասի տոկոսներից»:
«Խոսքն այն մարդու մասին է, որին կախված էին հայտնաբերել Լոնդոնում: Դա այնքան ակնհայտ էր, որ իրականում հետաքննելու բան էլ չկար »,-ասել է աղբյուրը:
Զախարովը հավելել է, որ ընկերը բազմիցս սպառնալիքներ է ստացել ինչ-որ անհայտ անձանցից, որոնք պահանջում էին չեղարկել նորարարությունը: Միևնույն ժամանակ, նա նկատել է, որ Լիստևը սխալ է վարվել՝ այդ մասին չտեղեկացնելով իրավապահներին:
«Երբ խոսքը ¼ միլիարդի մասին է, ապա այս դեպքում «ոչինչ, կսպառնան, կսպառնան, հետո կհոգնեն» մտածելակերպն անընդունելի է»,-նշել է Զախարովը:
Հիշեցնենք, որ հեռուստալրագրող Վլադ Լիստևը սպանվել է 1995թ. մարտի 1-ին՝ իր մոսկովյան տան մոտ: Նրա սպանությունն առ այսօր բացահայտված չէ: Մինչդեռ օլիգարխ Բորիս Բերեզովսկին ինքնասպանություն է գործել 2013թ. մարտի 23-ին՝ Մեծ Բրիտանիայում: