Իրանը Պարսից ծոցում գործողության կարճ շառավիղով հականավային հրթիռ է փորձարկել
Իրանական բանակը վերջին ավելի քան մեկ տարվա ընթացքում առաջին անգամ իրականացրել է գործողության կարճ շառավիղով հականավային հրթիռի թեստային արձակում: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ ԱՄՆ-ի վարչակազմում ունեցած աղբյուրին հղումով:
Հրթիռի թեստային արձակումը տեղի է ունեցել Պարսից ծոցում անցկացրած զորավարժությունների ժամանակ: Հաղորդվում է, որ հրթիռն արձակվել է Հորմուզի նեղանցքում:
Ինչպես նշում է աղբյուրը՝ այս կերպ իրանական իշխանությունները տեղեկացնում են Վաշինգտոնին երկրների միջև հարաբերությունների սրման դեպքում իրենց միլիտարիստական մտադրությունների լրջության մասին:
Նա նաև հավելել է, որ նման թեստային արձակումները որևէ արտասովոր երևույթ չեն ծովային զորավարժությունների ժամանակ: Նրա խոսքով՝ հրթիռը չի հատել այլ երկրների սահմանը: