Ռոբերտ Քոչարյանն այսօր դատարանում պնդել է, որ անմեղ է
Վերաքննիչ քրեական դատարանը հետաձգել է ՀՀ երկրորդ նախագհ Ռոբերտ Քոչարյանի կալանքի վերաբերյալ գործի քննությունը: Քոչարյանի փաստաբաններից Հայկ Ալումյանի փոխանցմամբ՝ գործի քննությունը կվերսկսի վաղը՝ ժամը 14:00-ն:
Լրագրողներից մեկի հարցին, թե Ռոբերտ Քոչարյանը ներկա՞ էր նիստին ու խոսե՞լ է, Ալումյանն ասաց. «Նախագահը ներկա էր, խոսեց և փայլուն խոսեց, և ես նույնիսկ մտածում եմ, որ նրա ասածի զգալի մասը կարելի է հրապարակել, որովհետև բավական լավ հիմնավորված փաստարկներ էին: Խոսեց գործի վերաբերյալ և իր մեղադրանքի մասով»:
Հարցին, թե Ռոբերտ Քոչարյանը շարունակում է պնդել, որ ինքն անմեղ է, Քոչարյանը մյուս փաստաբանը՝ Օրբելյանն ասաց. «Այո, շարունակում է պնդել»:
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը հուլիսի 26-ին Հատուկ քննչական ծառայություն էր ներկայացել վկայի կարգավիճակով՝ հարցաքննության։
Նույն օրը՝ 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևանում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 26-ին, ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը։
Ռոբերտ Քոչարյանը կալանավորված է հուլիսի 27-ից:
Գլխավոր դատախազությունը մերժել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ Ազգային ժողովի պատգամավորների միջնորդությունը: Այս մասին հայտնել է ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժինը:
Երեկ էլ դատախազությունը մերժեց Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու պատգամավորների միջնորդությունը: «Նախաքննության ներկա փուլում պահպանվում են Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման հիմքերը և անազատության հետ չկապված այլ խափանման միջոցի ընտրությունը դեռևս ի զօրու չէ երաշխավորել մեղադրյալի պատշաճ վարքագծով պայմանավորված քննության անխափան ընթացքը»,- պարզաբանել էին դատախազությունից: