Ռուսաստանը՝ ճնշման տակ. ինչու է ռուբլին անկում գրանցում
Մոսկովյան բորսայում ռուբլին օգոստոսի 8-ին դոլարի և եվրոյի նկատմամբ անկում է գրանցել մոտ 1,3 տոկոսով: Առանձին պահերի ռուսական արժույթը նվազել է՝ հասնելով դոլարի և եվրոյի նկատմամբ, համապատասխանաբար, 65 և 75 ռուբլուց ցածր ցուցանիշի, գրում է gazeta.ru-ն:
Վերլուծաբանները վաղուց էին սպասում ռուսական արժույթի դիրքերի թուլացում, որը նախանձելի կայունություն էր ցուցաբերում արտաքին գործոնների ճնշման տակ: Վերլուծաբանները ռուսական արժույթի փոխարժեքի թուլացումը բացատրում են այն հանգամանքով, որ բորսայի խաղացողներն արձագանքում են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հնարավոր խստացման մասին վերջին օրերի բացասական նորություններին:
«ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների խստացումը, որով արգելվում է գործարքներ իրականացնել նոր ռուսական պետական պարտքի հետ, ինչպես նաև առաջարկվում է արգելք սահմանել ԱՄՆ բանկերում մի շարք ռուսական բանկերի դոլարային հաշվարկների նկատմամբ, առաջացրել են ռուսական արժույթի խուճապային վաճառք»,- մեկնաբանել է վերլուծաբան Վալերի Բեզուգլովը:
Մեկ այլ վերլուծաբան Անաստասիա Իգնատենկոյի խոսքով՝ ամերիկյան օրենքի նախագծում առաջարկվում է նաև Ռուսաստանը դիտարկել որպես «ահաբեկչություն հովանավորող պետություն», ինչը կարող է Ռուսաստանին դասել անվստահելի երկրների շարքին:
«Դա նույնպես վտանգ է պարունակում: Նման հրապարակումներից հետո բորսայի խաղացողները շտապել են առաջ անցնել և սկսել են դոլար և եվրո գնել այն հաշվարկով, որ երբ հնարավոր վտանգն իրական դառնա, նրանք ապահովագրված լինեն կտրուկ արժույթային տատանումներից»,- ասել է վերլուծաբանը:
Ռուբլու դիրքերի թուլացման ուղղությամբ են աշխատում նաև ռուսական ֆինանսական իշխանությունները. ՌԴ ֆինանսների նախարարությունն արժույթի ռեկորդային ծավալով գնումներ է իրականացրել: Կառավարությանը ձեռնտու է թույլ փոխարժեք, դա ավելի շատ ռուբլիով եկամուտ է տալիս արտահանողներին և ավելի շատ մուտք է ապահովում բյուջե: