Ճապոնիայի արքայադստեր ամուսնությունը հետաձգվել է փեսացուի մոր պարտքերի պատճառով
Ճապոնիայի արքայադուստր Մակոյի պսակադրության արարողությունը, որը պետք է կայանար այս նոյեմբերին, հետաձգվել է փեսացուի կողմի ֆինանսական խնդիրների պատճառով:
Ինչպես նշում է The Guardian-ը, փեսացուի՝ 26-ամյա իրավաբան Կեյ Կոմուրոյի մայրը պարտքերի մեջ է ընկել որդուն լավ կրթություն տալու համար:
Մինչդեռ արքայադուստր Մակոյի ծնողները հայտարարել են, որ ամուսնությունը չի կարող տեղի ունենալ, քանի դեռ խնամին չի լուծել իր ֆինանսական խնդիրները:
Նշվում է, որ արքայադուստր Մակոն Ճապոնիայի 84-ամյա կայսր Ակիհիտոյի ավագ թոռնուհին է, որը համաձայնել է հրաժարվել կայսերական բոլոր տիտղոսներից ու արտոնություններից՝ շարքային քաղաքացու հետ ամուսնանալու համար: Հետաքրքրական է, որ ամուսնությունից հետո Մակոն կառավարությունից կստանա 900.000 դոլար, որպեսզի կարողանա հեշտությամբ ադապտացվել կայսերական կյանքին հրաժեշտ տալու ու սովորական կյանքով ապրելու գործընթացին:
Հայտնի է, որ երիտասարդները ծանոթացել են Տոկիոյի համալսարանում ուսանելու ժամանակ:
Արքայադստեր ծնողներին անհանգստացրել է ճապոնական լրատվամիջոցներում տարածված տեղեկությունն առ այն, որ իրենց խնամին պարտքեր ունի: Նրանք բազմաթիվ դեմ առ դեմ հանդիպումների ժամանակ հայտարարել են, որ պսակադրությունն անհնար է, քանի դեռ պարտքերը մարված չեն:
Աղբյուրը մանրամասնում է, որ փեսացուն Տոկիոյի համալսարանում ուսանելուց հետո, այժմ մեկնել է Նյու Յորք, որտեղ շարունակելու է կրթություն ստանալ: