«Կարո՞ղ է արդյոք Ռուսաստանը Հայաստանի պես գրավիչ դառնալ զբոսաշրջիկների համար». «Аргументы и Факты»-ի անդրադարձը
Ռուսական «Аргументы и Факты» պարբերականը համեմատել է Հայաստանում զբոսաշրջության զարգացումը Ռուսաստանում իրավիճակի հետ՝ նշելով, որ վերջին տարիներին հայերին հաջողվել է երկիր մեծ թվով օտարերկրացիներ գրավել:
Հեղինակը նշում է, որ 2011 թվականին Երևանում տեղ չկար մնալու, սակայն այժմ հանգստի նպատակով այստեղ են ժամանում հարյուր հազարավոր մարդիկ և մեծ գումարներ թողնում երկրում: Մինչդեռ Ռուսաստանն ունի ծով, լեռնադահուկային հանգստավայրներ, տեսարժան վայրեր, իսկ փող աշխատել զբոսաշրջության հաշվին ոչ մի կերպ չի կարողանում:
Պարբերականը հարցնում է, թե արդյոք Ռուսաստանը կարող է նույնքան գրավիչ դառնալ, որքան Հայաստանը, որը վերջին տարիներին վերածվել է Կովկասի գլխավոր զբոսաշրջային ուղղություններից մեկի, ուր զբոսաշրջիկներ են ժամանում Իրանից, ԱՄԷ-ից և անգամ՝ Ֆիլիպիններից:
Նշվում է, որ ձեռնարկված միջոցառումների արդյունքում Հայաստանին հաջողվել է հաղթահարել 1990-ականների սպասարկման ցածր մակարդակը: Իրանցիների համար հեշտացվել է վիզային ռեժիմը, ինչի արդյունքում Հայաստան են սկսել ժամանել բազմաթիվ իրանցի զբոսաշրջիկներ: Պարսից ծոցից սկսել են ժամանել արաբներ՝ հայկական խաղատներում խաղալու համար, որոնք արգելված են իրենց հայրենիքում: Վերադառնալով հայրենիք՝ այդ զբոսաշրջիկներն ավելի ուշ Հայաստան են այցելել արդեն իրենց ընտանիքների հետ:
«Հայաստանի մայրաքաղաքի հրապարակում զբոսաշրջիկներին դիմավորում են վարորդ էքսկուրսավարները, որոնք տիրապետում են ռուսերենի, անգլերենի, պարսկերենի, բացի այդ, Հայաստանում հայտնվել են ազգային խոհանոցով բազմաթիվ սրճարաններ՝ հասանելի գներով, իսկ Սևանա լիճ այցելում են զբոսաշրջիկներ Քուվեյթից, որտեղ կա ծով, ինչպես նաև Լիբանանից և Գերմանիայից»,- գրում է լրատվամիջոցը՝ հարցնելով. «Իսկ ո՞վ Գերմանիայում գիտի մեր Բայկալի մասին»:
Պարբերականի կարծիքով՝ կարևոր է նաև այն, որ Հայաստանն ակտիվ առաջ է տանում աշխարհում իր զբոսաշրջային բրենդը, ինչի պակասը կա Ռուսաստանում: Արդյունքում Հայաստան է ժամանում մեծ թվով զբոսաշրջիկ, այդ թվում՝ Եվրոպայից, ԱՄՆ-ից, Չինաստանից, չնայած Չինաստանը, ինչպես նշում է հեղինակը, սահմանակից է ոչ թե Հայաստանին, այլ Ռուսաստանին: