Երկիրը կարող է ջերմոցի վերածվել
Անգամ եթե մարդկությունը կատարի Կլիմայի փոփոխության խնդրի վերաբերյալ Փարիզի համաձայանագիրը, Երկրի վրա միջին ջերմաստիճանը կարող է բարձրանալ եւս 3-4 աստիճանով, քանի որ տաքացման «անվտանգ» մակարդակով առաջացած փոփոխությունները կարող են առաջացնել այլ գործընթացներ, որոնք արդեն դժվար կամ անհնար կլինի դադարեցնել: Հետեւաբար, ջերմաստիճանը կարող է գերազանցել վերջին 1.2 միլիոն տարվա միջին արդյունքը, գրում է N + 1-ը՝ հղում անելով Proceedings of the National Academy of Sciences ամսագրին:
Փարիզյան համաձայնագիրը, որը ընդունվել է 2015 թվականին, ենթադրում է, որ ջերմոցային գազերի արտանետումների սահմանափակման պատճառով կլիմայի վրա մարդածին ազդեցության հետեւանքով ջերմաստիճանի բարձրացումը չի գերազանցի Ցելսիուսով երկու աստիճանը` սա համարվում է համեմատաբար անվտանգ շեմ, որի դեպքում կլիմայի փոփոխության հետեւանքները այդքան ծանր չեն լինի:
Ավստրալիայի ազգային համալսարանից Ուիլ Ստեֆենը եւ նրա գործընկերները գնահատել են այսպես կոչված «Ջերմոց Երկրի» սցենարի ռիսկը, որի դեպքում միջին ջերմաստիճանը 4-5 աստիճանով գերազանցում է նախաարդյունաբերական աստիճանը, իսկ Համաշխարհային Օվկիանոսի մակարդակը 10-60 մ-ով գերազանցում է ներկայիս մակարդակը:
«Ջերմոց Երկրի» սցենարը հղի է մասնավորապես մարջանախութերի եւ դրանց էկոհամակարգերի ոչնչացմամբ, ափամերձ տարածքների խորտակմամբ եւ ամբողջ աշխարհի գյուղատնտեսության համար բացասական հետեւանքներով: