Ադրբեջանը բաց է Հայաստանի հետ երկխոսության համար. Մամեդյարով
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը մեկնաբանել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վիճակը:
«Բրյուսելում կայացած հանդիպումը առաջին բովանդակալից շփումն էր իմ նոր հայ գործընկերոջ հետ: Մենք կենտրոացած ենք արդյունքի վրա և պատրաստ ենք շարունակել այս ուղղությամբ ինտենսիվ առարկայական երկխոսությունը»,- ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում ասել է Մամեդյարովը:
Վերջինս հավելել է, որ Ադրբեջանը բաց է Հայաստանի հետ երկխոսության համար, որի շրջանակներում պետք է տեղի ունենան «պատասխանատու և իմաստալից» բանակցություններ:
«Դրանք պետք է լինեն իմաստալից և պատասխանատու բանակցություններ, որոնք կենտրոնացած են հետևյալ արդյունքի վրա` Ադրբեջանի՝ օկուպացված տարածքների ազատագրման գործընթացի շուտափույթ մեկնարկ: Հենց դրա շուրջ է ձևավորվել Գորդյան հանգույցը, որը ի վերջո պետք է լուծվի, ինչից հետո բոլոր ածանցյալ խնդիրները, որոնք առավելապես տեխնիկական բնույթ են կրում, կստանան բոլորովին այլ բնույթ և չեն կապվի նման դժվարությունների հետ»,- ասել է Մամեդյարովը: